Մենք իրապես բռնել ենք տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություն կառուցելու ճանապարհը. Փաշինյանը Քյոլնի տեխնիկական համալսարանում
Տնտեսություն
31.01.2019 | 17:01ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Քյոլնի տեխնիկական համալսարան:
Գերմանական առաջատար ուսումնական հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպումից և գիտական ոլորտում կապերի զարգացման հեռանկարների քննարկումից հետո վարչապետ Փաշինյանի ներկայությամբ Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև ստորագրվել է համագործակցության մասին հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են համալսարանի ռեկտոր պրոֆեսոր դր. Շտեֆան Հերցիգը և Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Հուշագրի համաձայն` նշված բուհերը կզարգացնեն գիտական համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
ՀՀ վարչապետը հանդիպել է Քյոլնի տեխնիկական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել «Հայաստանը թավշյա հեղափոխությունից հետո – թվային և տեխնոլոգիական դարաշրջանի խոստման իրագործումը» խորագրով ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«Հարգարժան պրոֆեսոր Շտեֆան Հերցիգ,
Ակադեմիական հաստատությունների հարգելի ներկայացուցիչներ,
Սիրելի ուսանողներ,
Տիկնայք և պարոնայք,
Ինձ համար մեծ պատիվ է լինել այստեղ և ձեզ հետ կիսել թվային ու տեխնոլոգիական դարաշրջանի խոստման մասին իմ տեսլականը:
Արդեն տասնամյակներ շարունակ տեխնոլոգիական հեղափոխություն է ընթանում, և դա անդառնալի իրականություն է, որը մեզ տեղափոխում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության շեմ: Այն սկիզբ դրեց ազատության ու անկախության, համագործակցության և առանց սահմանների շփման և անսահման հնարավորությունների ուխտի:
Մենք ականատեսն ենք առաջադեմ վերափոխման այն ամենի, ինչ ասում և անում ենք: Թվային սարքերը փոխեցին հաղորդակցության եղանակները. այսօր կիրառվում են սպառողների, արտադրողների և մատակարարների, և որ առավել կարևոր է՝ քաղաքացիների ու կառավարությունների միջև հարաբերության նոր բանաձևեր:
Տեղեկատվական տեխնոլոգիաները մեզ հնարավորություն են տալիս ունենալ կապի այնպիսի միջոցներ, որոնք չեն կարող վերահսկվել: Այս մեխանիզմը մարդկանց հնարավորություն է տալիս բարձրաձայնել իրենց տեսակետը և ունենալ հաշվետու կառավարություն, ժողովրդավարությունը դարձնել ավելի գործնական ու մատչելի:
Սա հենց այն է, ինչ տեղի ունեցավ Հայաստանում. ՏՏ-ն հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էր: Սոցիալական ցանցերի միջոցով հայ ժողովուրդը համախմբվեց՝ ոչ ասելու նախկին վերնախավին, որը չէր վայելում ժողովրդի վստահությունը:
Նրանք մերժեցին տասնյակ տարիների խաբեության և խարդախության դարաշրջանը: Թավշյա հեղափոխությամբ հայերը վերջ դրեցին վատ կառավարման դարաշրջանին` հանուն թափանցիկության: Նրանք վերջ դրեցին անսահմանափակ իշխանության դարաշրջանին՝ կառավարությանը պատասխանատվության կանչելու համար: Հայ ժողովուրդը վերջ դրեց հիմնարար իրավունքների և ազատությունների չարաշահմանը՝ կյանքի նոր որակ ապահովելու համար:
Թափանցիկություն, հաշվետվողականություն և մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանություն. ահա ոչ լրիվ ցանկն այն դրական փոփոխությունների, որ խոստանում է թվային և տեխնոլոգիական դարաշրջանը: Հայ ժողովուրդը հաջողությամբ կատարել է այդ ամենը և հավատարիմ է իրական ժողովրդավարություն հաստատելու իր հանձնառությանը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը: Այժմ մենք ունենք ոչ պակաս կարևոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից:
Տիկնայք և պարոնայք,
Թվային և տեխնոլոգիական դարաշրջանի ուխտն էլ ավելի է կարևորվում, երբ այն վերաբերում է սպառողների, արտադրողների ու ծառայութուն մատուցողների միջև հարաբերություններին: Տաքսի կանչելու, թռիչք պատվիրելու, ապրանք գնելու, երաժշտություն լսելու, կինոնկար դիտելու կամ խաղ խաղալու համար պատվիրատուները կարող են օգտվել առցանց թվային աշխարհի հնարավորություններից:
Տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաև ծառայութուն մատուցողների համար. գլոբալ նյութատեխնիկական մատակարարման շղթաներն ավելի արդյունավետ են դարձել, իսկ սպասարկման գները նվազել են: Բացվել են նոր շուկաներ, խթանվել է տնտեսական աճը: Եւ որ ամենակարեւորն է, ՏՏ-ը և թվային դարաշրջանը բարձրացնում են երկրների միջազգային մրցունակությունը:
Սա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական ու աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն են ունենում գլոբալ գործընթացների վրա:
ՏՏ-ը բոլոր խաղացողների համար ապահովում է հավասար պայմաններ՝ նրանց դիրքից և կարողություններից անկախ: Այդ իսկ պատճառով, Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: Հաշվի առնելով շուրջ հարյուրամյա վաղեմութուն ունեցող ավանդույթները` մենք իրապես բռնել ենք տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություն կառուցելու ճանապարհը:
Մենք ցանկանում ենք պահպանել 21-րդ դարի չափանիշները, որպեսզի ընդլայնենք մեր հնարավորություններն ու հեռանկարները, որպեսզի Հայաստանը դառնա բարձրարժեք և գիտելիքահեն ապրանքներ ու ծառայություններ արտադրող և մատուցող երկիր՝ հիմքում ունենալով ստեղծագործ մարդկային կապիտալ:
Հայաստանը համարվում է նախկին Խորհրդային Միության Սիլիկոնային հովիտը, որտեղ արտադրվել է Նաիրիտ-2-ը՝ խորհրդային ժամանակաշրջանի առաջին կիսահաղորդչային համակարգիչը և աշխարհում առաջիններից մեկը: ԽՍՀՄ-ի սուզանավերի ու տիեզերանավի համար հաշվարկային համակարգերի և էլեկտրոնիկային հիմնական բաղադրատարրերի մեծ մասը հղացվել ու արտադրվել է Հայաստանում: Կիսահաղորդչային տեխնիկա նախագծող, արտադրող, փորձարկող և ինտեգրող կենտրոնների մեծ մասը գործում էին Հայաստանում:
Այսօր Հայաստանի ներուժը ընդլայնվել է: ՏՏ ոլորտը Հայաստանում վերջին յոթ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ, տարեկան 25 տոկոսով: Synopsys, National Instruments, Cisco, VMWare, TeamViewer, Mentor Graphics- ը (Siemens- ին պատկանող) և շատ այլ անդրազգային ընկերություններ գիտահետազոտական գրասենյակներ ունեն Հայաստանում, որոնցում ներգրավված են հազարավոր մասնագետներ, ովքեր լուծում են 5G և մեքենայական կապին, իրերի համացանցին (Internet of Things), արհեստական ինտելեկտին, ռոբոտներին առնչվող բարդ խնդիրներ:
Հայաստանի ներկայիս ներուժը հնարավորություն է տալիս իրականացնել զանազան ծրագրեր ինչպես Սփյուռքի մեր հայրենակիցների ու միջազգային կազմակերպությունների, այնպես էլ ՏՏ հսկաների հետ:
Մենք նախաձեռնել ենք հետաքրքիր մեկնարկային ծրագրեր՝ էկոհամակարգերի, ինկուբատորների, այդ թվում կայուն զարգացման լաբորատորիաների ստեղծման նպատակով:
Մեր առաջնահերթություններից են արհեստական ինտելեկտը, կիբեռանվտանգությունը, բլոկ-շղթան և կիսահաղորդչային տեխնոլոգիաները:
Կրթությունը հիմնականում բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունի: Հայաստանում ստեղծեցինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որի կրթական ծրագիրը ճանաչվել է որպես համաշխարհային բրենդ: Այն արդեն իսկ ներկայացված է մի շարք զարգացած երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը և Գերմանիան: Միևնույն ժամանակ մենք դպրոցականներին հնարավորություն ենք տալիս սովորել ռոբոտաշինություն ARMAT լաբորատորիաներում:
Հայաստանն ունի Գիտությունների ազգային ակադեմիա, ֆիզիկայի, մաթեմատիկայի, աստղագիտության, կենսաբանության, քիմիայի եւ այլ գծով բազում հետազոտական հաստատություններ:
Եվ, իհարկե, ես չեմ կարող չնշել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, որի հետ ձեր համալսարանն այսօր ստորագրեց ակադեմիական համագործակցության մասին հուշագիր: Նկատի առնելով այն պոտենցիալը, որ այս երկու բուհերն ունեն` ես կասկած չունեմ, որ առաջիկայում մենք կխոսենք հաջողված համատեղ նախաձեռնությունների մասին:
Ես բարձր եմ գնահատում Հայաստանի բուհերի, նրանց ստորաբաժանումների և մասնաճյուղերի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ: Գիտության և տեխնոլոգիաների ոլորտում միջազգային համագործակցությամբ ստեղծված ցանցերը նոր հորիզոններ են բացում:
Եվ վերջում նշեմ ոչ պակաս կարևոր մի հանգամանք. Հայաստանի հիմնական հարստությունն իր շնորհալի ու տաղանդաշատ քաղաքացիներն են, ովքեր ստացել և ստանում են գերազանց կրթություն: Դրա շնորհիվ հայաստանյան ստարտափներն արագորեն զարգանում են, նրանցից ոմանք առաջատար դիրքեր են զբաղեցնում աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա: Ապացուցված փաստ է. երբ հայերին հնարավորություն է ընձեռվում, նրանք միշտ հաջողում են: Սա է պատճառը, որ հայերն ավելի շատ են աչքի ընկնում Սփյուռքում: Ահա թե ինչու մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում ստեղծի համատեղելի միջավայր, որպեսզի այն դարձնի իր ժողովրդի մտավոր ներուժի կիզակետը:
Նկատի առնելով վերոհիշյալը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի 40-ամյա պատմության մեջ վեհաժողովն առաջին անգամ կանցկացվի այնպիսի փոքր, զարգացող երկրում, ինչպիսին Հայաստանն է:
Ինքնին խոսուն է այն փաստը, որ արդյունաբերության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային իրադարձությունը տեղի կունենա Հայաստանում: Ակնկալվում է, որ ավելի քան 2000 պատվիրակներ շուրջ 60 երկրից կմասնակցեն այդ միջոցառմանը:
Ես բոլորիդ հրավիրում եմ գալ և մասնակցել Կոնգրեսին: Այն նաև ձեզ հնարավորություն կընձեռի առաջին ձեռքից տեղեկանալ Հայաստանի տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացման մակարդակի մասին, ինչպես նաև ճանաչել մեր հնագույն մշակույթը, արվեստը, վայելել մեր ժողովրդի հյուրընկալությունն ու խոհանոցը:
Տիկնայք և պարոնայք,
թվային և տեխնոլոգիական դարաշրջանի հնարավորություններն անսահման են: Միլիարդավոր մարդկանց՝ անսահմանափակ հիշողությամբ, տվյալների շտեմարանով ու գիտելիքի անսահմանափակ օգտագործմամբ միմյանց հետ հաղորդակցվելու հնարավորությունը մեր առջև բացում է անհնարինի դռները: Նոր հնարավորություններ են ստեղծվում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են արհեստական ինտելեկտը, ռոբոտները, նանոտեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները և այլն:
Հայաստանը փորձում է օգտագործել այդ հնարավորությունը՝ իր տնտեսությունը վերափոխելու, քաղաքական հեղափոխությունը տնտեսականի վերածելու համար:
Շնորհակալություն ուշադրության համար»:
* * *
Քյոլնի տեխնիկական համալսարանը հիմնադրվել է 1388 թվականին: Կենտրոնական Եվրոպայում հիմնադրված վեցերորդ համալսարանն է: Այն իր ուսանողների թվով գերմանական համալսարանների մեջ երրորդն է (Մյունխենի և Հագենի համալսարաններից հետո):