Նախագահը Բանակի օրվա կապակցությամբ մի շարք զինվորականների պարգևատրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 23:17
Հայտնի են Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությունից հետո գրանցված թունավորման հնարավոր պատճառները. ՍԱՏՄ-ն մանրամասնել է
03.09.2026 | 22:59
Արևային կայանների ոլորտում արձանագրված խախտումների հետևանքով ՀԷՑ-ը կրել է մոտ 2 մլրդ դրամի վնաս. Պետրոսյան
03.09.2026 | 22:51
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ
03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
Բոլորը

Բանակի օրվա առթիվ, Հանրապետության Նախագահի հրամանագրերով` ծառայության ընթացքում ցուցաբերած խի­զա­խու­թյան և նվիրումի համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Զինված ուժերի շարքային զինծառայողներ Մհեր Հովսեփյանը, Արամ Ճաղարյանը եւ սերժանտ Հայկ Քարամյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևները եւ հանդես եկել ելույթով.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Սիրելի՛ զինվորներ և սպաներ,

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հպարտության խորին զգացումով այսօր միասին նշում ենք Բանակի օրը, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:

Այն, ինչ այսօր զգում ենք այս մեծ տոնի առթիվ, առաջին հերթին հպարտությունն է, հպարտություն մեր անվտանգությունը և խաղաղությունը պաշտպանող բանակի հանդեպ:

Մեր բանակի ծնունդը պարզ չի եղել, բանակի ծնունդը կարելի է նմանեցնել Վահագնի ծննդին:

Հայկական բանակը նույնպես ծնվեց երկունքի միջոցով, բարդ ու ծանր ժամանակներում, ծնվեց կրակից, անհրաժեշտաբար: Եվ ինչպես Վահագնը, նա նույնպես պայքարեց հանուն ազատության, հայրենիքի և հաղթանակի:

Մեր բանակը նվիրյալ կամավորի ու պրոֆեսիոնալ զինվորականի, շարքայինի ու հրամանատարի, պետական ու քաղաքական գործչի, մտավորականի ու աշխատավորի, հայաստանցու, արցախցու և սփյուռքահայի համատեղ ջանքի, ոգու և կամքի արդյունք է: Կարճ ժամանակում նա դարձավ ամենակազմակերպվածն ու մարտունակը տարածաշրջանում, և մենք ունեցանք բազում մեծ հաղթանակներ և լեգենդար հերոսներ:

Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որոնց շնորհիվ ստեղծվեց, կայացավ ու հզորացավ մեր բանակը:

Խոնարհվում եմ այն մարդկանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքին, երկրին, մեր ժողովրդին ու բանակին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր ժամանակների բանակը, որպես կյանքի ինքնատիպ դպրոց ու համալսարան, պետք է նաև դաստիարակի ժամանակի քաղաքացուն, մեր տղաներին ու աղջիկներին, կյանքի ուղեգիր տա նրանց:

Անկախ ծառայության տեսակից, անկախ տարիքից, զինծառայողը բանակում հմտություն ու փորձ է ձեռք բերում, դառնում ավելի կազմակերպված ու կարգապահ մարդ: Նա բանակի միջոցով նաև առաջին շփումն է ունենում իր սեփական պետության հետ: Շատ կարևոր է, որ այդ շփումը լինի ոգևորող, հույս ու հավատ ներշնչող:

Բանակն իսկապես հասարակության հայելին է: Եվ եթե հասարակության, պետության մեջ քայլեր են ձեռնարկվում բացասական երևույթների վերացման, բացառման համար, ապա իհարկե այն իր արտացոլումը պետք է գտնի նախ և առաջ բանակում: Բանակը պետք է լինի անբիծ, անբասիր: Իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլև` մեծ պատիվ:

Շնորհակալությունս եմ ուզում հայտնել կառավարությանը և պաշտպանության նախարարությանը՝ այս ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերի համար:

Հարգելի՛ բարեկամներ,

Բանակը ոչ միայն երկրի անվտանգության ու խաղաղության երաշխավորն է, այլև երկրի տնտեսության անբաժանելի մասը: Ընդ որում, նա ոչ միայն սպառող, այլև ստեղծող, իր հետևից տանող կառույց է: Բանակն արդյունաբերության ու գիտության համար թե՛ պատվիրատու է, թե՛ նրանց առաջընթացի մասնակից:

Ռազմարդյունաբերության ու գիտահետազոտական ոլորտի համար բանակն առաջադրում է խնդիրներ` ակնկալելով ժամանակակից ու նորարարական, նաև, հաճախ անսպասելի որոշումներ, որոնք պարտադիր չէ, որ լինեն արտատպումը կամ կրկնօրինակումն օտար լուծումների: Մենք ի վիճակի ենք խնդիրներին տալ մեր սեփական լուծումները: Ռազմաարդյունաբերական շատ խնդիրների լուծումներ ժամանակի ընթացքում կիրառվում են քաղաքացիական կյանքում: Հետևաբար, բանակը խնդիր ունի մասնակցել ոչ միայն պաշտպանությանը, այլև երկրի տնտեսության զարգացմանը՝ սերտորեն համագործակցելով և՛ գիտական մարմինների, և՛ գործարար շրջանակների, և՛ բոլոր այն քաղաքացիների հետ, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումը բերել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Բանակի ու զինվորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր նկարագրի անբաժանելի մասն է: Բոլոր ժամանակներում այդ վերաբերմունքը դրսևորվել է առանձնահատուկ բարյացակամությամբ, սրտացավությամբ, հոգատարությամբ և սիրով:

Ինձ համար այսօր կրկնակի հաճելի է այս գեղեցիկ օրը՝ Հայրենիքի պաշտպանի օրը ձեզ հետ խոսել մի նախաձեռնության մասին. Հանրապետության նախագահի ինստիտուտը, նախագահական կառույցը, համատեղ աշխատելով կառավարության, պաշտպանության նախարարության, նաև առողջապահության նախարարության հետ, առաջարկում է ծրագիր, որը կոչվում է «Հայրենիքի պաշտպան»: Ծրագիրն ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում և դրա պատճառով հաշմանդամություն են ձեռք բերել: Այդպիսի անձանց, հայրենասեր զավակների թիվը, ցավոք սրտի, քիչ չէ: Եվ իհարկե, այդ անձինք լիիրավ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլև՝ շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին: Հետևաբար, «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: Այսինքն, նախաձեռնությունը պետք է կապող օղակ լինի բանակում ծառայած, հաշմանդամություն ստացած անհատների, բանակի և մյուս կողմից պետական, հասարակական, բարեգործական կառույցների, բիզնեսի հետ:

Որպես օրինակ, մենք բարոյական պարտականություն ենք ստանձնել առաջիկայում Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի ընդունել մեր պանծալի զինվորներից երկու-երեք հոգու, ովքեր հաշմանդամություն ունեն: Նրանք գուցե և ֆիզիկական դժվարություններ ունեն այսօր, բայց նրանցից յուրաքանչյուրը պայծառ անձնավորություն է և համապատասխան օգնության, կրթական ծրագրի միջոցով նրանք կարող են վերադառնալ լիարժեք կյանք, ոչ միայն թոշակ ստանալ, այլև իրենց ձեռքով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները՝ սկսած նյութականից մինչև անձնական կյանք:

Եվ այդ ծրագրից մեր առաջին ծիծեռնակը, բազեն, ում ընդունել ենք աշխատանքի, Գոռ Դարմանյանն է, որը պատերազմի մասնակից է, հերոս, հաշմանդամ, ով այսօր աշխատում է Հանրապետության նախագահի աշխատակազմում:

Հույս ունեմ, որ այս օրինակն ու կոչը կոգևորի մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ նրանից որտեղ են աշխատում՝ պետական ծառայության մեջ, թե մասնավոր, որպեսզի նրանք լիարժեք ներգրավվեն հասարակության մեջ:

Հարգելի՛ բարեկամներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ և մաղթում առողջություն, խաղաղություն և նոր հաղթանակներ:

Թող ձեր բոլորի ու մեր ողջ ժողովրդի յուրաքանչյուր առավոտ բացվի խաղաղությամբ:

Թող մեր Հայրենիքի համար յուրաքանչյուր օրը լինի ստեղծարար աշխատանքի օր:

Շնորհակալ եմ:

Շնորհավորում եմ»: