Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպել է շվեյցարացի գործարարների հետ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախկին նախագահ Դոմինիկ դե Բումանը:

Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որից հետո պատասխանել է հանդիպման մասնակիցների տարբեր հարցերի:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի հյուրեր,
Սիրելի հայրենակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Հաճելի է հանդիպել ձեզ և քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս ֆորումը և այս վայրը հնարավորություն են տալիս մեզ միմյանց հարցեր տալ, բացահայտել խնդիրներն ու գտնել այնպիսի լուծումներ, որոնք թույլ կտան ավելի լավ տնտեսական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև: Եվ մենք կարող ենք ու պետք է դա անենք միասին:

Առաջին հարցը, որին մենք պետք է պատասխանենք, հետևյալն է. որտե՞ղ ենք մենք: Նախքան ապագայի մեր տեսլականը ներկայացնելը՝ եկեք նախ ետ նայենք և քայլ առ քայլ ուսումնասիրենք այն ճանապարհը, որ մեր երկիրն անցել է և ինքներս մեզ հարցնենք` արդյոք մենք ուզո՞ւմ ենք գնալ այդ ուղով:

Այժմ Հայաստանը կանգնած է տնտեսական բարգավաճումն ու լճացումը բաժանող խաչմերուկում: Հայաստանում վերջերս տեղի ունեցան պատմական վերափոխումներ: Անցյալ գարնանը տեղի ունեցած թավշյա ժողովրդական հեղափոխությունը հանգեցրեց մեր երկրում ժողովրդավարության հաղթանակին:

Անցյալ դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ ավելի ամրապնդեցին ժողովրդավարական նվաճումները: Այս հիմնարար փոփոխություններն անդառնալի են, նրանք հիմնված են մեր ժողովրդի կամքի վրա և մեր հասարակության մեջ գերակշռող կոնսենսուսի վրա:

Այսօր մեր կառավարությունն աննախադեպ բարձր լեգիտիմություն և հանրային աջակցություն ունի: Այսպիսի բարձր հանրային վստահության հիման վրա Հայաստանի կառավարությունն ընդունել է հավակնոտ բարեփոխումների օրակարգ: Որպես արդյունք, Հայաստանում իրավիճակը, ըստ էության, տարբերվում է նրանից, որ մենք ունեինք հեղափոխությունից առաջ:

Մասնավորապես, կոռուպցիայի մակարդակը կտրուկ նվազել է. մենք գրեթե մերժել ենք մենաշնորհները. շատ լուրջ միջոցներ են ձեռնարկվել անկախ դատական համակարգի ամրապնդման, իրավունքի գերակայության և բոլոր տնտեսական ու քաղաքական դերակատարների համար խաղի հավասար կանոնների ստեղծման համար:

Չնայած կարևոր ոլորտներում արձանագրված նշանակալի առաջընթացին, ինչպիսիք են շուկայի մրցունակության ապահովումը և պետական հատվածում կոռուպցիայի վերացումը, դեռևս մեծ աշխատանք ունենք անելու: Այսօր մենք պետք է կատարենք մեկ այլ հեղափոխություն` տնտեսական հեղափոխություն, մեր ժողովրդի վստահությունը և ակնկալիքներն արդարացնելու համար:

ՀՆԱ-ի աճը վերջին տարիներին խոստումնալից էր. 2017 թ. արձանագրված 7.5 տոկոս աճը պահպանվել է 2018 թ. ընթացքում, իսկ կանխատեսումները գերազանցում են 5 տոկոսը: Հայաստանի արժույթի փոխարժեքը և գնաճը մնացին կայուն, դրանով իսկ ի ցույց դրվեց մեր տնտեսության կայունությունն արտաքին և ներքին ցնցումների նկատմամբ:

2017 թ. ՀՆԱ-արտահանում հարաբերակցությունն անցավ 37 տոկոսի շեմը և 2018-ին շարունակվեց ռեկորդային ցուցանիշներով: Այնուամենայնիվ, խոստումնալից միտումները չեն կարող բավարար լինել, եթե ցանկանում ենք ապահովել Հայաստանի արժանապատիվ տեղը համաշխարհային տնտեսությունում:

Երկրորդ հարցը` ո՞ւր ենք ուզում գնալ:

Մեր ապագա աճի անկյունաքարը կլինի ներդրումային քաղաքականությունը՝ ուղղված արդյունավետ աշխատատեղերի ստեղծմանն ու մրցունակ արտահանմանը:

Կառավարությունն ու ժողովուրդը միասնական են այս տեսլականի մեջ: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ հայ ժողովուրդը ցանկանում է ավելի շատ աշխատանք և ավելի քիչ կոռուպցիա:

Արդյունքները կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ. Հայաստանի քաղաքացիներն այլևս չեն ցանկանում եկամուտների վերաբաշխում, նրանք հոգնել են արդեն: Հայերն ուզում են տեսնել մեր հայրենիքի տնտեսական աճն ու բարգավաճումը, վաստակելու և հարկ վճարելու իրենց ունակությունն ու հնարավորությունը:

Եվ այստեղ ի հայտ է գալիս այն դերը, որ դուք պետք է խաղաք, քանի որ մարդկանց արդյունավետ աշխատելու հնարավորությունը կախված է ձեզնից: Այս գործընթացը հեշտացնելու համար Հայաստանի կառավարությունը որդեգրել է.

ա. Բաց դռների քաղաքականություն օտարերկրյա ներդրողների նկատմամբ. մեր քաղաքականության նշանաբանն է՝ հարստանալ և հարստացնել:
բ. Ներդրողների կամքի և կարիքների վրա հիմնված հարկային օրենսգիրք,
գ. Արտահանման և արդյունաբերական արդիականացման աջակցության այնպիսի մեխանիզմներ, ինչպիսիք են հարկային ու մաքսային խթանները.
դ. Քաղաքականություն, որը կապահովի բիզնեսի համար անաչառ և նվազ սահմանափակումներով կարգավորիչ միջավայր:
ե. Մենք ապահովել ենք, որ մեր երկրում գործող տնտեսական գործակալներին հասանելի լինեն աշխարհի շուկաները: (Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է և GSP-ի շահառու (մի շարք երկրների հետ, ներառյալ Շվեյցարիան) և GSP+ (ԵՄ-ի հետ):
զ. Եվ, իհարկե, մենք երաշխավորում ենք կապիտալի ազատ տեղաշարժն ու սեփականության իրավունքի պաշտպանությունը (ներառյալ մտավոր սեփականության):

Այսպիսով, հաջորդ հարցն այն է, թե հայ ժողովուրդն ինչ կարող է առաջարկել՝ ցանկալի հանգրվանին հասնելու համար:

Շատ է ասվել, որ Հայաստանն ունի փոքր ներքին շուկա, բայց արժեքային ստեղծագործական մեծ ներուժ: Առկա է նաև այդ շուկայի յուրացման ներուժն ու հայկական ապրանքների, գաղափարների և մշակույթի նկատմամբ պահանջարկը:

Մենք պետք է բավարարենք այդ պահանջարկը և մեր արժեքները ներկայացնենք աշխարհին: Դա նշանակում է ապրանքների, ծառայությունների արտահանման ավելի բարձր մակարդակ, և որ ոչ պակաս կարևոր է՝ մշակույթ:

Հայաստանի տնտեսության անկյունաքարը ժողովրդի ստեղծագործականությունն ու տաղանդն է: Դա դրսևորվում է մեր աճող մրցունակության, բարձրորակ ապրանքների և ծառայությունների մեջ:

Հայերը հեղինակել են մի շարք նորարարություններ՝ MRI մեքենան, թթվածնի դիմակը, ավտոմատ փոխանցատուփը և շատ ուրիշներ: Կարճ ասած, գերմանացիները ճարտարագետ են, իտալացիները՝ դիզայներ, իսկ հայերը՝ ստեղծագործողներ:

Հաշվի առնելով վերը նշված բոլորը՝ մենք մշակել ենք մեր կառավարության գերակայությունները.

1. Արդյունաբերություն. կենսատեխնոլոգիա և դեղագործություն
Հայաստանի կառավարությունը հավատարիմ է արտադրական ոլորտում մրցունակության բարձրացմանը:
Մենք կկարողանանք կառուցողական երկխոսություն ծավալել բոլոր ոլորտներում գործարարների հետ, որպեսզի բացահայտենք մրցունակության խոչընդոտները՝ անհրաժեշտության դեպքում համադրելով հասարակության և մասնավորի ջանքերը:

Մրցունակ լինելու համար մենք պետք է ինտեգրենք նորարարական տեխնոլոգիաներ արդյունաբերական գործընթացներում: Բարձր տեխնոլոգիաները կծառայեն որպես արդյունաբերական զարգացման խթան և համակողմանի աճի գրավական:

Արդյունաբերությունը բավական բազմազան է. մրցակցային ոլորտներից են տեքստիլը, կոշկեղենը, դեղագործությունը, բիոտեխնիկան, նրբագեղ ոսկերչական իրերն ու ժամագործությունը:

Հայաստանի մրցակցային առավելությունների վրա հիմնված հաջող ներդրումների շատ օրինակներ կան: Մի շարք ընկերություններ սոսկ արտադրությունից հասել են ավելի բարձր մակարդակի` ընդգրկելով գիտահետազոտական կենտրոններ հետաքրքիր նորամուծությունների ակնկալիքով:

Դա ապահովելու համար մենք ծրագրում ենք.
ա. Արդյունաբերական արդիականացման գործիքի ստեղծում. դա կարող է ներառել ազատ տնտեսական գոտիների ստեղծում` դեղագործության, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ու կենսանվտանգության ոլորտներում ներդրումների համար:
բ. Կառավարության և գործարար համայնքի միջև երկխոսության հարթակի ստեղծում:
գ. Հմտությունների զարգացում և ստեղծագործական աջակցություն: Թիրախային ուղղություններից են զարդագործությունը, ադամանդագործությունը և ժամագործությունը:
դ. Բիզնեսի համար բարենպաստ հարկային և կարգավորիչ միջավայրի ապահովումը:
ե. Արտահանողների աջակցությունն արտաքին շուկաներում ներկայացվածության բարելավման և լոգիստիկ խոչընդոտների վերացման միջոցով:

Հայաստանը մեծ ներուժ ունի բարձր տեխնոլոգիաների և ինժեներական ոլորտներում: Կառավարությունը հանձնառու է այդ ներուժի ավելացմանը` դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում STEM ուսումնական առարկաների դասավանդմամբ, ինչպես նաև Թումո կենտրոնների և գերազանցության կլաստերների ստեղծմամբ և շահագործմամբ:

Ես հպարտությամբ եմ հայտարարում, որ 2018 թվականին Թումոն մասնաճյուղեր է բացել Ստեփանակերտում և Փարիզում: Գերմանիայի և Ռուսաստանի մասնաճյուղերն ընթացքի մեջ են:

2. Գյուղատնտեսություն, վերամշակված սնունդ և խմիչքներ
Հայաստանի տնտեսության 15 տոկոսը գյուղատնտեսությունն է, և պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այս ոլորտին: Ագրարային ոլորտի ապագան կախված կլինի ուժեղ ավանդույթների և նորարարության միաձուլումից:

Հայաստանի Հանրապետության ագրոարդյունաբերության ոլորտի խոշորագույն տեխնոլոգիաների ինտեգրումն առաջնային է լինելու մեր կառավարության համար: Օրգանական գյուղատնտեսությունը և այնպիսի ինտենսիվ մեթոդների լայն կիրառումը, ինչպիսիք են կաթիլային ոռոգումը, կխթանեն այս ոլորտի զարգացումը:

Գինեգործությունը հատուկ դեր է խաղում մեր մշակույթի մեջ: Հայաստանը 6000 տարվա գինեգործության փորձառություն ունի, և այդ միտումը շարունակվում է առայսօր: 2017 թվականին գինեգործության ոլորտն աճեց շուրջ 80 տոկոսով:

3. Զբոսաշրջություն
Ինչպես արդեն նշեցի, Հայաստանը շատ բան ունի առաջարկելու աշխարհին: Կարևորներից է մեր մշակույթը: Եվ ես կարծում եմ, որ մենք բոլորս համաձայն ենք, որ մշակույթը ճանաչելու լավագույն միջոցն ուղիղ շփումն է: Դրա համար էլ զբոսաշրջության ոլորտը զարգանում է, և աճի մեծ ներուժ ունի: Բացի այդ, աճող զբոսաշրջային հատվածն ունի տարածաշրջանում տնտեսական իրավիճակի բարելավման ամենաբարձր ներուժը՝ հաշվի առնելով, որ կան բազմաթիվ հաջողված փորձեր խոշոր քաղաքներից դուրս:

Այս նպատակով մենք պատրաստվում ենք՝
ա. բարձրացնել Հայաստանի զբոսաշրջային վայրերի, ինչպես նաև մարզերում փոքրածավալ հյուրանոցների մասին իրազեկության մակարդակը:
բ. Զարգացնել էկո և գաստրո զբոսաշրջությունը:
գ. Ընդլայնել տրանսպորտի և ենթակառուցվածքի ցանցը, որը հնարավորություն կտա մատչել հեռավոր շրջաններ:
դ. Նվազեցնել ճանապարհորդության ֆինանսական և ժամանակային ծախսերը Հայաստանում և Հայաստանից դուրս:

4. Ենթակառուցվածքներ
Մարդկանց, հմտությունների և գիտելիքի ազատ տեղաշարժը մեր սահմաններում և դրանից դուրս ապահովելու նպատակով կառավարությունն իրականացնում է տրանսպորտի և ենթակառուցվածքի բարելավման երկարաժամկետ ծրագիր:

Էլեկտրաէներգիայի արտադրության դիվերսիֆիկացման կարևորությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է: Հայաստանի համար դա ոչ միայն տնտեսական անհրաժեշտության հարց է, այլ նաև ռազմավարական հրամայական:

Մենք դրան նայում ենք որպես մի խնդիր, որը կարող է լուծվել տեսանելի ապագայում, քանի որ Հայաստանը վերականգնվող էներգիայի արտադրության հսկայական ներուժ ունի:

Վերջին տարիներին արևային էներգիայի ոլորտը զգալի զարգացում է ապրել, և Հայաստանն ընթանում է բնական պաշարների օգտագործման ճանապարհով, որպեսզի ավելացնի էլեկտրաէներգիայի սպառման մեջ արևային էներգիայի արտադրության մասնաբաժինը:

Մենք գիտենք, որ չենք կարող միայնակ հոգալ մեր ենթակառուցվածքային կարիքները: Մենք կարիք ունենք մասնավոր հատվածի գիտելիքների և ռեսուրսների: Այսպիսով, կառավարությունը գործում է մասնավոր հատվածի հետ համագործակցության տառին և ոգուն համապատասխան:

Հարգելի ընկերներ,

Մենք կարող էինք շարունակել կառավարության հնգամյա տեսլականի, ռազմավարական նպատակների, առաջնահերթությունների և կոնկրետ գործողությունների նկարագրությունը:

Այնուամենայնիվ, այդ նպատակներին կարող ենք հասնել միայն կառավարության և Հայաստանի ներսում ու դրանից դուրս գտնվող մեր մասնավոր և հանրային գործընկերների համակարգված ջանքերի շնորհիվ: Միակ անսակարկելի պայմանն այն է, որ Հայաստանը պետք է շարունակի իր զարգացման առաջընթաց ուղին:

Մենք ունենք ներուժ, մենք ունենք հնարավորություններ և ունենք քաղաքական կամք տարածաշրջանային և գլոբալ տնտեսական խաղացող դառնալու համար:

Խնդիրն այն է, թե արդյոք դուք պատրաստ եք միանալ մեզ և ընկերակցել մեզ այս հետաքրքիր, բայց ոչ դյուրին ճանապարհին: Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկե՛ք Հայաստան, հարստացե՛ք և հարստացրե՛ք ուրիշներին:

Շնորհակալություն»:

Հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում հարկային վարչարարությանը, ներդրումային միջավայրի շարունակական բարելավմանը, մոնոպոլիաների դեմ պայքարին ժողովրդավարության ամրապնդմանը, ազատ և անկախ դատական համակարգի կայացմանը, պետական կառավարման համակարգի օպտիմալացմանը վերաբերող հարցերի:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Դավոս, որտեղ մասնակցելու է Համաշխարհային տնտեսական համաժողովին: