Երևանի կենտրոնում Դերժավայի Արկադիի որդին անօրինական շինարարություն է անում. Հայկ Մարությանի «քանդել-ոչնչացնել» օպերացիան վրան չի ազդում. ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Արկադի Համբարձումյանի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը, Մաշտոցի 52 հասցեում անօրինական շինարարություն է իրականացնում: Նշյալ հասցեում գտնվում է Երևանի պետական համալսարանի նախկին հյուրատունը, որտեղ Համբարձումյանները շքեղ հյուրանոց են կառուցում:

2015 թվականին ԵՊՀ հյուրերի տունը, կառավարության որոշմամբ, հանձնվեց ԵՊՀ հիմնադրամին, որից հետո ԵՊՀ-ն գույքը հանեց աճուրդի՝ 1 քմ 1500 դոլարով: Աճուրդի միակ մասնակիցը դարձավ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ն, որը պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի որդուն՝ Ստանիսլավ Համբարձումյանին: «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի միակ սեփականատերը և հիմնադիրը Ստանիսլավ Համբարձումյանն է: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային ռեգիստրի տվյալների բազայից:

Բացի այն, որ Համբարձումյանները նշյալ կառույցում անօրինական շինարարություն են իրականացնում, զուգահեռաբար ոտնահարել են մեկ այլ տնտեսվարողի՝ «Շանտան» ՍՊԸ-ի սեփականատիրոջ իրավունքները: 2003 թվականից «Շանտան» ՍՊԸ-ն ԵՊՀ հյուրերի տանը հանդիսացել է գույքի սեփականատեր-տարածքի վարձակալ: Այդ ամենը եղել է փաստաթղթերով՝ գրանցված կադաստրում:  Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Շանտան» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Հարություն Ղազարյանը, որը Մաշտոցի 52 հասցեում զբաղվել է ռեստորանային բիզնեսով:

   

«Աճուրդից հետո՝ 2017 թվականի հունվար-փետրվարին, նրանք ԵՊՀ հյուրատանը սկսում են շինաշխատանքեր իրականացնել: Քանդում և վնասում են մեր գույքը: Մի քանի անգամ մեզ ասում են, որ դուրս արեք, մենք այս տարածքն առել ենք, որին ի պատասխան՝ ես ասում եմ, որ ունեմ գրանցված իրավունք: Սակայն հարցը լուծվում է շատ կոպիտ ձևով՝ մեր գույքը քանդում, ջարդում և փշրում են: Ստիպված մենք մեր գործունեությունը դադարեցնում ենք: «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի իրավաբանը եկավ և էլեկտրիկին ստիպեց, որ անջատեն մեր ռեստորանի լույսերը, իսկ շենքի ճարտարապետի գլխավորությամբ քանդեցին մեր դրսի շինությունը, փոխեցին դարպասների բանալիները: Հիմա չենք կարողանում մեր տարածք մտնել»,- պատմեց Ղազարյանը:

Հարություն Ղազարյանը նշեց, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի նման պահվածքից հետո իրենք դիմել են դատարան՝ շինթույլտվությունը վիճարկելու համար:

«Քաղաքապետարանը մեզ թույլտվություն է տալիս, որ մենք աստիճան ու տաղավար կառուցենք, հետո մի ուրիշ ՍՊԸ-ի քանդման թույլտվություն է տալիս: Շինթույլտվությունը «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ին տրամադրվել է 2017-ի օգոստոսին, բայց նրանք շինարարություն այնտեղ սկսել են 2017-ի հունվարից: Այսինքն՝ 6-7 ամիս այդտեղ իրականացվել է ապօրինի շինարարություն, և քաղաքապետարանը դրան որևէ կերպ չի արձագանքել»,- նշեց նա:

Հարություն Ղազարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդրի հետ կապված գրավոր և բանավոր դիմել է Երևանի քաղաքապետարան, ինչպես Տարոն Մարգարյանի, այնպես էլ նոր քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք: Ղազարյանն ընդգծում է՝ քաղաքապետարանից չեն հերքում, որ շինարարությունն անօրինական է, բայց գործնական քայլերի չեն անցնում:

«Մենք նախկինում բողոքել ենք, և մեզ մի թուղթ են տվել, որտեղ արձանագրվում է, որ շինարարությունն ինքնակամ է իրականացվում, բայց դադարեցնելու միջոցներ չեն իրականացվում: Քաղաքային նոր իշխանություններին ևս դիմում ենք ներկայացրել: Քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետը բանավոր պատասխանել է՝ չեմ կարող գնալ և բանվորին արգելել, որ աշխատի, իսկ թեժ գծի միջոցով ասել են՝ մենք արձանագրել ենք, էլ ի՞նչ եք ուզում քաղաքապետարանից»,- ներկայացրեց նա:

«Շանտան» ՍՊԸ-ի սեփականատերը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ այս ամենի պատճառով մեծ ֆինանսական կորուստներ է ունեցել: Խոսքը, մասնավորապես, 60 միլիոն դրամի գույքի վնասի և բաց թողնված շահույթի մասին է, որը յուրաքանչյուր ամիս կազմել է 5 մլն դրամ: ՍՊԸ-ի սեփականատերը նշեց նաև, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի ներկայացուցիչները մի քանի օր առաջ են ծանուցում ուղարկել «Շանտան» ՍՊԸ-ին, որ ցանկանում են պայմանագիրը վաղաժամ դադարեցնել. «Ըստ օրենքի՝ նա պետք է ծանուցի, երեք ամիս սպասի, որից հետո դիմի դատարան, որ պայմանագիրը լուծարվի»:

«Շանտան» ՍՊԸ-ի սեփականատերը տեղեկացրեց, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի շինթույլտվությունը վիճարկելու գործով առաջին դատական նիստը նշանակված է 2019 թվականի մարտին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ին 2017 թվականի նոյեմբերին զգուշացրել են, որ շինարարությունը պետք է դադարեցնել: Այնուհետ, նույն թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով, որ շինաշխատանքները չեն դադարեցվում,  ընկերությանը 200 հազար և 2 մլն 500 հազար դրամի վարչական տույժերի է ենթարկել: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին փոխանցեցին քաղաքապետարանից: Մեզ տրամադրված պատասխանում նշվում է նաև, որ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ն իր հերթին է դատարան դիմել, որպեսզի չվճարի 200 հազար դրամ վարչական տույժը:

«2018 թվականի օգոստոսի 13-ին աշխատանքային այցելություն է իրականացվել Մաշտոցի պողոտայի  52 հասցե՝ շինարարական աշխատանքները կասեցնելու նպատակով: Թեև նշված այցելության ընթացքում կառուցապատման օբյեկտի տարածքում փաստացի որևէ շինարարական աշխատանք չի իրականացվել, սակայն կառուցապատողի ներկայացուցչի հետ տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ կազմվել է համապատասխան գրավոր արձանագրություն, իսկ կատարված տեղատեսությունը՝ տեսաձայնագրվել: Տեղեկացնում ենք նաև, որ վերոնշյալ կառուցապատման օբյեկտում՝ Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում, շարունակվելու է իրականացվել հսկողություն՝ հնարավոր շինարարական աշխատանքները կասեցնելու համար»,- նշված է քաղաքապետարանից մեզ փոխանցված պատասխանում:

Խնդրի շուրջ մեկնաբանություններ փորձեցինք ստանալ «ԷՍ ԷՌ Հոթել» ՍՊԸ-ի ներկայացուցիչներից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:

Ի դեպ, Երևանի քաղաքային իշխանությունների փոփոխություններից հետո ապօրինի շինարարության դեմ պայքար է սկսվել: Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Նոր Նորքում ապամոնտաժվեց երկհարկանի մի շինություն:

Թե ե՞րբ կհասնի, և կհասնի՞ արդյոք Հայկ  Մարությանն Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի ընտանիքի կողմից Մաշտոցի 52 հասցեում կառուցված ապօրինի շինությանը, հայտնի չէ:

 

Հայկ Վարդանյան