Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
Քաղաքականություն
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիում բանակցությունների մթնոլորտը եղել է բարեկամական և գործնական, հայտարարել է Ուկրաինայի հարցով կարգավորման շուրջ բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
«Նախևառաջ, ռուսական պատվիրակության անունից կցանկանայի շնորհակալություն հայտնել Արաբական Միացյալ Էմիրությունների և Աբու Դաբիի ղեկավարությանը՝ երկկողմ բանակցությունների հիանալի կազմակերպման և բարեկամական ու գործնական մթնոլորտի ապահովման համար»,- բանակցություններից հետո ասել է նա մամուլի ասուլիսում։
Նա ընդգծել է, որ եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը «փոխանակվել են դիրքորոշումներով», «որոշ հարցերում փոխըմբռնման են հասել, որոշներում՝ ոչ»։
«Զրույցը կշարունակվի»,- ասել է Մեդինսկին։
Նրա խոսքով՝ բանակցությունների կենտրոնական թեման եղել է եվրոպական անվտանգության համակարգը։
«Մենք սկզբունքային համաձայնության ենք եկել ռազմագերիների լայնածավալ նոր փոխանակման շուրջ։ Դրա կոնկրետ չափանիշները կհրապարակվեն մոտ ժամանակներս»,- հայտարարել է նա։
Պատասխանելով Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների դերի մասին հարցին՝ Մեդինսկին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնացներն «անկեղծ և արդյունավետ մարդիկ են», որոնք «կենտրոնացած են արդյունքի հասնելու վրա»։
Ավարտելով կարճատև մամուլի ասուլիսը՝ Ռուսաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ բանակցային գործընթացի կոնկրետ մանրամասները «երբեք չեն քննարկվում»։
Մեդինսկին նաև հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը չի հանդիպել եվրոպական երկրների և ԵՄ ներկայացուցիչների հետ։ Անդրադառնալով եվրոպական երկրների ղեկավարության դիրքորոշմանը՝ նա հայտարարել է, որ նրանցից ոմանք, «ըստ էության, զբաղված են ուկրաինացի ժողովրդին կոլեկտիվ խաբելով»։
«Նրանք ֆինանսավորում և զինամթերք են մատակարարում հակամարտող կողմերից մեկին, միևնույն ժամանակ, ըստ էության, նպաստելով խաղաղ բնակչության զանգվածային մահերին։ Այդ պատճառով մենք այնքան էլ չենք հասկանում, թե ինչի մասին կարելի է նրանց հետ խոսել։ ԵՄ երկրներից մենք ոչ մի խաղաղ նախաձեռնություն, ոչ մի կոնկրետ խաղաղ առաջարկ չենք ստացել, ուստի պարզ չէ՝ ինչ քննարկել։ Եթե նրանք այստեղ ժամանել են որպես զբոսաշրջիկներ, թող հյուրանոցի լոբբի-բարում շփվեն, խոսեն իրենց գործերի մասին»,- հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Աբու Դաբիում նոյեմբերի 11-ին Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին օրը Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչները քննարկել են ռազմագերիների փոխանակման հարցը՝ «1000-ը 1000-ի դիմաց» կամ «1500-ը 1500-ի դիմաց» ձևաչափով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

