Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
Քաղաքականություն
11.11.2026 | 15:58
Իսպանիայի ամբողջ տարածքում չորեքշաբթի հազարավոր աշխատողներ դուրս են եկել փողոցներ՝ մասնակցելու երթերի և կազմակերպելու պիկետներ՝ չնայած երկրի բազմաթիվ շրջաններում մոլեգնող վատ եղանակին, գրում է DW-ն։
Սա Իսպանիայում վերջին 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլն է։ Այն անցկացվում է կենսապահովման ծախսերի աճի և խորացող բնակարանային ճգնաժամի ֆոնին, որի հետևանքով շատ մարդիկ այլևս ի վիճակի չեն հոգալ իրենց հիմնական կարիքները։ Ճգնաժամի խորհրդանիշն է դարձել այս տարվա սկզբին Մադրիդում 87-ամյա Մարիկարմեն Աբասկալի վտարումը բնակարանից և մահը։
Բնակարանային խնդիրը նաև հանգեցրել է նոյեմբերի 29-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։
Ձախակողմյան վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությունը փորձել է ընդունել օրենսդրական փոփոխություններ՝ վարձակալների դրությունը թեթևացնելու նպատակով, սակայն խորհրդարանում ընդդիմադիր կուսակցությունները խոչընդոտել են այդ նախաձեռնությանը։ Չկարողանալով ապահովել օրենսդրական փոփոխությունների ընդունումը՝ Սանչեսը հայտարարել է արտահերթ ընտրությունների անցկացման մասին՝ հույս ունենալով ամրապնդել իր քաղաքական դիրքերը։
«Մենք չենք դադարեցնի պայքարը, մինչև հիմնովին չվերափոխենք այս երկրի բնակարանային համակարգը, որպեսզի բնակարանները ծառայեն ապրելու, այլ ոչ թե տանտերերի փոքրամասնության շահերին»,- հայտարարել է Մադրիդի վարձակալների միության խոսնակ Ալիսիա դել Ռիոն։
Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն՝ Իսպանիայում բնակարանների պակասը կազմում է շուրջ 750 հազար միավոր, և մինչև 2028 թվականը այդ թիվը կարող է գերազանցել մեկ միլիոնը։ Քանի որ սեփական բնակարան ձեռք բերելու հնարավորությունից ավելի ու ավելի քիչ անհատներ և ընտանիքներ են օգտվում, երկրում վարձակալների թիվը կտրուկ աճել է։ Իսպանիայի երիտասարդության խորհրդի տվյալներով՝ վարձակալության միջին արժեքը կազմում է 1176 եվրո (1315 դոլար)։ Դա համարժեք է երիտասարդների միջին աշխատավարձի 99 տոկոսին։
Թեև բողոքի ակցիաների մեծ մասը, ըստ երևույթին, անցնում էր խաղաղ մթնոլորտում, Մադրիդի Mercamadrid մեծածախ շուկայի դիմաց գործադուլավորները հայտարարել են, որ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ամբոխի դեմ, ինչի հետևանքով առնվազն 13 մարդ ստիպված է եղել դիմել բժշկական օգնության։
Լրատվամիջոցը նշում է, որ համընդհանուր գործադուլը սկսվել է երկաթուղային աշխատողների գործադուլից մեկ օր անց։ Վերջիններս բողոքում են այս տարի տեղի ունեցած երկու խոշոր և մահվան ելքով գնացքների վթարների դեմ։ Երկաթուղային ենթակառուցվածքների խնդիրը նույնպես դարձել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների առանցքային թեմաներից մեկը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

