Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
Հասարակություն
27.10.2026 | 11:33
Սիփանիկի վարչական ղեկավար Խ.Մ.-ի նկատմամբ ապօրինի ջրօգտագործման համար քրեական հետապնդում է հարուցվել։ Դատախազության հաղորդմամբ՝ նա 2022-2023 և 2026 թվականներին առանց համապատասխան թույլտվության օգտագործել է ստորերկրյա ջրային ռեսուրսները՝ պետությանը պատճառելով 17 մլն 947 հազար դրամի վնաս, որից 8 մլն դրամը վերականգնել է։
Դատախազը միջնորդագրեր է ներկայացրել Մասիս համայնքի ղեկավարին՝ վարչական ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։ Ըստ Դատախազության՝ վարչական ղեկավարը վարձակալված հողամասում ինքնակամ ջրավազաններ է կառուցել՝ խախտելով պայմանագրի պայմանները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Factor TV-ն հայտնել էր, որ ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ոստիկանները ձերբակալել էին Սիփանիկի վարչական ղեկավարին և նրա որդուն։ Նրանց վարձակալած տարածքում հայտնաբերվել էին չորս լճակներ, որոնք շահագործելու համար խորքային հորից առանց թույլտվության ջուր էր մղվում։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
«Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Խ.Մ.-ն, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում, այնուհետև՝ 2026 թվականի մայիսի 23-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, առանց ջրօգտագործման թույլտվության, օգտագործել է ստորերկրյա ջրային ռեսուրսները՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 17.947.008 դրամի գույքային վնաս:
Դատախազի՝ 2026 թվականի հոկտեմբերի 22-ի որոշմամբ, Խ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 1-ին մասով: Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավարը մասամբ՝ 8 միլիոն դրամի չափով վերականգնել է պատճառված վնասը:
Դատախազը, քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու շրջանակներում պարզել է, որ վարչական ղեկավար Խ.Մ.-ն, 2007 թվականի օգոստոսի 13-ին իր կողմից վարձակալված գյուղատնտեսական նշանակության հողամասում՝ Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում, խախտելով վարձակալության վերաբերյալ համայնքի ղեկավարի հետ կնքված պայմանագրով նախատեսված պայմանները, ինքնակամ կառուցել է քարե ջրավազաններ՝ իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն:
Դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել Մասիս համայնքի ղեկավարին՝ հողամասի վարձակալության պայմանագիրը, ինչպես նաև՝ Սիփանիկ բնակավայրի վարչական ղեկավար Խ.Մ.-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Քրեական վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է»:

