Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
Քաղաքականություն
19.10.2026 | 22:17
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ՝ Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի գործով։ Բաքվի դատարանը նրանց նկատմամբ հեռակա կարգով որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։
Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 281.2, 283.2.1 և 167-3.1 հոդվածներով։ Նախաքննությունը հանձնարարվել է գլխավոր դատախազության քննչական վարչությանը։
Քննության տվյալներով՝ գործով անցնող անձինք սոցիալական ցանցերի և ինտերնետային հարթակների միջոցով տարածել են նյութեր, որոնք պարունակել են Ադրբեջանում սահմանադրական կարգը բռնի կերպով փոխելու և պետական իշխանությունը զավթելու, ինչպես նաև բռնության, կրոնական արմատականության հողի վրա կրոնական ատելություն և թշնամանք հրահրելու կոչեր։
Քննությամբ բացահայտվել է յոթ կասկածյալ․ Haksöz ամսագրի և Haksöz Haber ինտերնետային ռեսուրսի հեղինակ Ռիդվան Քայան, Köklü Değişim հրատարակության հեղինակը և Değişim TV-ի հաղորդավար Զեքերիա Ջերանը (հայտնի է նաև որպես Աբդուլլահ Իմամօղլու), Analiz Merkezi ինտերնետային ռեսուրսի հիմնադիրն ու Fatih Tezcan’la Analiz Merkezi հաղորդման հեղինակը՝ Ֆաթիհ Թեզջանը, Ahmet Şanlı Hukuk Bürosu իրավաբանական գրասենյակի ղեկավար Ահմեթ Շանլըն, ինչպես նաև Ֆահրեթթին Թաշքայա Սարալը, Աբդուրահման Թումերը և Ալփարսլան Թանըրըքուլուն։
Նշվում է, որ հրապարակումները տեղադրվել են սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում՝ X, Facebook, Instagram, YouTube և TikTok սոցիալական ցանցերում, ինչպես նաև այլ ինտերնետային հարթակներում։ Դրանք ուղեկցվել են կրոնական արմատական բնույթի բազմաթիվ լուսանկարներով, տեսանյութերով և այլ նյութերով։
Բացի այդ, հոկտեմբերի 3-ին Ռիդվան Քայան մասնակցել է Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության շենքի առջև անցկացված ակցիային։ Հոկտեմբերի 13-ին նա Զեքերիա Ջերանի հետ միասին մասնակցել է նաև Անկարայում Ադրբեջանի դեսպանատան առջև կազմակերպված ակցիային, որի ընթացքում հնչել են իշխանությունը բռնի կերպով զավթելու կոչեր և կրոնական արմատական բնույթի հայտարարություններ։
Բաքվի Բինագադիի շրջանային դատարանի որոշումներով՝ բոլոր յոթ անձանց նկատմամբ հեռակա կարգով որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, և նրանց նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նշվում է, որ քննչական գործողությունները շարունակվում են։ Օգտագործվում են միջազգային իրավական օգնության մեխանիզմները, այդ թվում՝ Թուրքիայի իրավասու մարմինների հետ համագործակցությամբ։
Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները լարվել են Ադրբեջանի դպրոցներում հիջաբի կրման արգելքի ֆոնին։
Ավելի վաղ էլ Ադրբեջանը միջազգային հետախուզում էր հայտարարել Թուրքիայի քաղաքացի, «Şanlıurfa Olay» թերթի մեկնաբան Ջելալ Չիֆթչիի նկատմամբ՝մեղադրելով «իշխանությունը բռնի կերպով զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեջ»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

