«Երեխաներն առանձին սենյակում են գտնվել․ նոր քրեական հետապնդումներ կարող են հարուցվել»․ Կոստանդյանը՝ Քոչարյանի գործի մասին

Լուրեր

28.08.2026 | 14:40
Ով է մարելու ԵՄ-ում ՀՀ քաղաքացիների առողջապահական պարտքերը․ հարցը կքննարկվի վիզաների ազատականացման բանակցությունների երկրորդ փուլում
28.08.2026 | 14:30
«Հայաստանի հանքարդյունաբերական տարածաշրջանների էկոլոգիական փոխակերպում» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
28.08.2026 | 14:29
Firebird-ի և OpenAI-ի հետ համագործակցությամբ կրթությանը հասանելի կդառնա 50 հազար բաժանորդագրություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 14:20
US Open-ը բոլոր թենիսիստներին ֆինանսական բոնուս է տրամադրել մրցաշարից առաջ
28.08.2026 | 14:15
Ռուսաստանում «Վիքիպեդիա»-ն դադարել է բացվել
28.08.2026 | 14:06
Վերանշանակում․ Սլավիկ Սարգսյանը՝ ԱԱՏՄ, Հովհաննես Մարտիրոսյանը՝ ԲԸՏՄ ղեկավարներ
28.08.2026 | 13:58
956 հազար եվրոյի մաքսանենգության գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
28.08.2026 | 13:53
Adidas-ը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
28.08.2026 | 13:45
Արամ Ջիվանյանը կշարունակի պաշտոնավարել Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնը
28.08.2026 | 13:38
Պատմության մեջ առաջին անգամ Անդորրան ակումբ կունենա եվրագավաթների հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 13:32
«Երեխաներն առանձին սենյակում են գտնվել․ նոր քրեական հետապնդումներ կարող են հարուցվել»․ Կոստանդյանը՝ Քոչարյանի գործի մասին
28.08.2026 | 13:25
Սեպտեմբերից մարզային բոլոր դպրոցների լիազոր մարմինը ԿԳՄՍ նախարարությունը կլինի․ Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.08.2026 | 13:16
Թումանյանը՝ Թումանյան համայնքում առաջադրված միակ թեկնածու․ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է միայն ՔՊ-ն
28.08.2026 | 13:07
Հայաստանում քարտեզագրվել են գարնանային և աշնանային ցրտահարությունների ռիսկային գոտիները
28.08.2026 | 13:02
Սպորտային ծառայություններ մատուցող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 520 մլն դրամի վնասը
Բոլորը

Առաջիկայում հնարավոր են նոր քրեական հետապնդումներ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանը։

«Քրեական վարույթն այժմ նախաքննության ակտիվ փուլում է: Ընդ որում՝ այս դեպքերը նոր են նախաձեռնվել և միացվել են հիմնական մայր գործին: Ակտիվ քննություն է իրականացվում, բազմաթիվ քննչական վարութային գործողություններ են կատարվում։ Կան նաև այլ դրվագներ, որոնցով դեռևս քրեական հետապնդումներ հարուցված չեն, և որոշ ժամանակ հետո կարող է դրանցով էլ հետապնդումներ հարուցվել։ Այս պահին բավարար տվյալներ չկան»,- ասաց Կոստանդյանը՝ առանց մասնավորեցնելու, թե խոսքն ում մասին է։

«Քանի դեռ չենք հասել այն փուլին, որ պետք է մեղադրանք ներկայացնենք, որևէ տվյալ չհայտնեմ, որովհետև նախաքննություն է իրականացվում»,- նշեց Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան։ 

Դավիթ Կոստանդյանն անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տան խուզարկությանը։ 

«Ես կարծում եմ՝ ներխուժումը ոչ կուլտուրական չի եղել և ահաբեկված կամ վախեցած երեխաների մասին տվյալները, կարծում եմ, շատ չափազանցված են, որովհետև ես անձամբ խուզարկության չեմ մասնակցել, բայց խուզարկություն իրականացնող քննիչներից տեղեկացել եմ, որ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի բնակարանում՝ տանը ապրող երեխաները առանձին սենյակում են գտնվել և նրանք, ըստ էության, պրոցեսներին չեն էլ մասնակցել»,- մանրամասնեց Կոստանդյանը։ 

Նրա խոսքով՝ իրավապահների մուտքը բնակարան անմիջապես տեղի չի ունեցել, քանի որ տարածքը պահպանվող է, այնտեղ ոստիկաններ են ծառայություն իրականացնում։

«Տևական ժամանակ է անցել, մինչև աշխատակիցները մտել են բնակարան, քանի որ այնտեղ պահպանվող տարածք է, ոստիկաններ են ծառայում, և այդ պրոցեսը մի վայրկյանում չի լինում»,- ընդգծեց նա։

Կոստանդյանը նաև նշեց, որ բնակարանում հնարավոր է եղել տեսնել իրավապահների մոտենալը՝ տեսախցիկների միջոցով, և հերքեց երեխաներին ահաբեկելու մասին պնդումները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին իրավապահները մտել էին Ռոբերտ Քոչարյանի տուն։ Նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի թոռները քննիչներին դիմավորել էին «Բարի գալուստ ԱԱԾ» գրությամբ պաստառով։ Տեսանյութը տարածել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց՝ ինչո՞ւ երեխաներին տատիկ-պապիկի տուն չէին ուղարկել։

«Պահել էիք, որ շոու անե՞ք երեխեքի թիկունքում, էդ պլակատ գրելու ժամանակահատվածում կարելի էր ուղղակի նրանց ուղարկել մյուս տատիկ-պապիկի տուն, ընկերոջ տուն։ Էս էլ ցույց ա տալիս, որ երեխեքին զենքայնացնելու պրոցես ա սկսվել»։

Խամոյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց այդ գրությամբ պաստառը Քոչարյանի առանձնատանը տեսել է դեռ երկու ամիս առաջ՝ քարոզարշավի փուլում։

«Այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը քաղաքական հետապնդում է իրականացրել երկրորդ նախագահի նկատմամբ, կարծում եմ՝ որևէ մեկի համար դա նորություն չէ։ Այն, որ նոր գործողություններ էին սպասում, դա ևս կարծում եմ՝ որևէ մեկի համար նորություն չէ։ Եվ երեկ, եթե չեմ սխալվում, խլուրդների որս է սկսել իրավապահ կառույցներում՝ պարզելու համար, թե ով է, այսպես կոչված, ինֆորմացիայի արտահոսք իրականացրել։ Այս մասով կարող եմ ասել, որ հետքերը, վստահաբար, տանելու են իր վրա, որովհետև նախորդ օրը ԱԺ-ում հենց ինքն է ուղիղ ցուցում տվել իրավապահ ուժային կառույցների ներկայացուցիչներին գործողություններ իրականացնել»,- ասաց Խամոյանը։

Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձավ նաև Քոչարյանի թոռների գտնվելու վայրի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին։

«Թե որտեղ պետք է լինեին երեխաներն այդ պահին, դա արդեն բացարձակապես իրեն չի վերաբերվում։ Ես չգիտեմ, թե որտեղ են ապրում Նիկոլ Փաշինյանի երեխաները, բայց նախագահ Քոչարյանի թոռները ապրում են և ապրելու են իրենց բնակարաններում»,- ասաց Խամոյանը։

Հիշեցնենք, որ հենց խուզարկության օրը՝ օգոստոսի 25-ին, ձերբակալվեցին Ռոբերտ ու Սեդրակ Քոչարյանները։ Նրանք երկու ամսով կալանավորվել են։ Մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։

Արփի Հակոբյան