Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
Հասարակություն
24.07.2026 | 11:51
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ թույլատրելով նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի և նրա կնոջ՝ Լուսինե Թադևոսյանի դեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը։ Նոր փորձագիտական եզրակացության և ՆԳՆ-ից ստացված տվյալների հիման վրա ճշգրտվել են գույքերի արժեքների ու օրինական եկամուտների հաշվարկները, իսկ բռնագանձման պահանջում ներառվել է նաև 2015 թվականին ոստիկանության կողմից Օսիպյանին նվիրաբերված բնակարանը։
Փորձագիտական եզրակացությունը վերաբերում է, մասնավորապես, 2001 թվականին կառուցված խանութի և 2004 թվականին կառուցված ավտոտնակի շինարարական արժեքներին։ Փաստաթղթում խանութի նախկին հաշվարկային արժեքը նշված է 3 միլիոն 737 հազար 520 դրամ։
Փորձագետը եզրակացրել է, որ 33.25 քմ մակերեսով խանութի շինարարական աշխատանքների արժեքը կարող էր կազմել 3 միլիոն 550 հազարից մինչև 3 միլիոն 920 հազար դրամ։ Դատախազությունը նոր հաշվարկում վերցրել է այդ երկու թվերի միջինը՝ 3 միլիոն 735 հազար դրամ։ Այսինքն՝ օգտագործվող արժեքը նախորդ նշված թվից նվազել է 2520 դրամով։
52.92 քմ մակերեսով ավտոտնակի նախկին նշված արժեքը եղել է 3 միլիոն 450 հազար դրամ։ Փորձագետը արժեքը գնահատել է 3 միլիոն 280 հազարից մինչև 3 միլիոն 620 հազար դրամի սահմաններում։ Այդ թվերի միջինը դարձյալ 3 միլիոն 450 հազար դրամ է։ Այս դեպքում գումարը փաստացի չի փոխվել, սակայն նախկին հաշվարկը ստացել է փորձագիտական հիմնավորում։
Բռնագանձման ենթական գույքի ցանկում կավելանա նաև ոստիկանությունից նվիրաբերված բնակարանը, որը գտնվում է Կոտայքի մարզում։ Ոստիկանության և Վալերիյ Օսիպյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրով՝ 53.71 քմ մակերեսով բնակարանը նախկին ոստիկանապետին է փոխանցվել 2015 թվականի նոյեմբերի 11-ին։ ՆԳՆ-ից ստացված փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո դատախազությունը պնդել է, որ գույքի տրամադրման օրինական հիմքերը պատշաճ ձևով չեն հաստատվել։
Դատախազության պատճառաբանությունը հետևյալն է․ ոստիկանության ծառայողին բնակելի տարածք կարող էր հատկացվել բնակարանային պայմանների բարելավման կարիքի կամ ծառայողական անհրաժեշտության հիմքով, երկու դեպքում էլ անհրաժեշտ էր ծառայողի դիմումը, պետք է հաստատված լիներ բնակարանային պայմանների բարելավման կարիքը կամ ծառայողական անհրաժեշտությունը։ Ստացված նյութերով այդ հանգամանքների առկայությունը հաստատված չի համարվել։
Դատախազությունը վկայակոչել է նաև 2026 թվականի ապրիլի 15-ի Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, ըստ որի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի նվիրատվության դեպքում պատասխանողները պետք է հստակ ցույց տան, թե ինչ պայմաններում է կնքվել նվիրատվության պայմանագիրը։ Դրա արդյունքում Կոտայքի մարզի բնակարանը փոփոխված հայցում դիտարկվել է որպես ապօրինի ծագում ունեցող գույք և ավելացվել է Օսիպյանից ամբողջությամբ բռնագանձելու պահանջին։
Փոփոխված հայցի վերջնական պահանջով Օսիպյանից պահանջվում է բռնագանձել՝
-Երևանում գտնվող մեկ գույք, իսկ դրա բռնագանձման անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը,
-Երևանում գտնվող բնակարանի 2/5 բաժնեմասը,
-Կոտայքի մարզում գտնվող՝ ոստիկանությունից նվիրատվությամբ ստացված բնակարանը,
-«Ակբա բանկում» ներդրված ավանդը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ դրան համարժեք 16 հազար 323 ԱՄՆ դոլար,
-48 միլիոն 4 հազար 645 դրամ,
-42 միլիոն 891 հազար 376 դրամ։
Օսիպյանի կնոջից պահանջվում է բռնագանձել՝
-Երևանում գտնվող բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը,
-Lexus UX200 2.0 P ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ դրա շուկայական արժեքը։
Օսիպյանի ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը միջնորդության դեմ չի առարկել։
Դատարանը թույլատրել է հայցի հիմքի և առարկայի փոփոխությունը, պատասխանողներին մինչև սեպտեմբերի 23-ը ժամանակ է տվել փոփոխված հայցին պատասխանելու համար և նույն օրը՝ ժամը 14։00-ին, նշանակել է ևս մեկ նախնական նիստ։
Հիշեցնենք՝ Օսիպյանը Հայաստանի ոստիկանության համակարգում ծառայել է շուրջ երեք տասնամյակ։ Նա ծառայությունը սկսել է 1991 թվականին՝ որպես միլիցիոներ, ապա Երևանի պարեկապահակետային ծառայության գնդում զբաղեցրել է հրամանատարական տարբեր պաշտոններ։ 2012-2018 թվականներին Օսիպյանը եղել է ոստիկանության Երևանի քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ։
2018 թվականի մայիսին՝ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ։ Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 2019 թվականի սեպտեմբերի 18-ը։ 2019 թվականի հուլիսին նրան շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ Ոստիկանության պետի պաշտոնից ազատվելու նույն օրը Օսիպյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։ Այս պաշտոնից ազատվելուց հետո նախկին ոստիկանապետը պետական պաշտոններ այլևս չի զբաղեցրել, մի քանի անգամ նկատվել է ընդդիմադիր ուժերի հրավիրած հանրահավաքներին, ակցիաներին։
Եվգենյա Համբարձումյան

