57,5 մլն դոլարի համաձայնագիր, 103 միջոցառում․ ինչ փուլում է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
Տնտեսություն
22.07.2026 | 14:03
Կառավարության հուլիսի 23-ի նիստին կներկայացվի, թե ինչ փուլում է Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկրորդ անգամ երկարաձգելու ծրագիրը, ինչ աշխատանքներ են արդեն կատարվել, որոնք են շարունակվում և արդյոք պահպանվել են Կառավարության սահմանած ժամկետները։
ՀԱԷԿ-ի գործող՝ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքները սկսվել են 2020 թվականին։ Ծրագրի նպատակն է գնահատել՝ արդյո՞ք էներգաբլոկը կարող է շարունակել անվտանգ շահագործվել նաև գործող ժամկետի ավարտից հետո, և ինչ վերանորոգումներ, արդիականացումներ կամ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են դրա համար անհրաժեշտ։
2023 թվականի մարտի 23-ի որոշմամբ՝ պաշտոնապես մեկնարկել է շահագործման ժամկետի երկարացման գործընթացը, սեպտեմբերի 14-ին հաստատվել է ծրագիրը, աշխատանքների ցանկը և դրանց կատարման ժամկետները։
Աշխատանքները բաժանված են հիմնականում երկու կողմերի միջև․
1. Ռուսական «Ռոսատոմսերվիս» ընկերություն,
2. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ։
2023 թվականի դեկտեմբերի 15-ին «Ռուսատոմսերվիսի» հետ կնքվել է մոտ 57,5 միլիոն ԱՄՆ դոլարի շրջանակային համաձայնագիր։ Ընդհանուր ծրագրում նախատեսված է 103 միջոցառում։ Ռուսական ընկերության պատասխանատվության ներքո կա 23 խոշորացված միջոցառում։ Դրանց շրջանակում՝ կնքվել է 18 պայմանագիր, 9 պայմանագրով աշխատանքներն ավարտվել են, 9 պայմանագրով աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, մնացած 5 միջոցառումների տեխնիկական առաջադրանքները դեռ մշակվում են։
Այսինքն՝ ռուսական կողմին վերապահված աշխատանքների զգալի մասը պայմանագրային փուլն անցել է, սակայն ամբողջությամբ դեռ ավարտված չէ։
ՀԱԷԿ-ի պատասխանատվության ներքո կա 37 խոշորացված միջոցառում, որոնց համար կազմակերպվել է 45 գնման ընթացակարգ։ Դրանցից 36-ի համար պայմանագրեր են կնքվել, 1 պայմանագիր կնքման փուլում է, 2-ի համար մրցույթ է հայտարարված, 4 միջոցառում հետաձգվել է, քանի որ դրանք կախված են այլ աշխատանքների ավարտից, 17 պայմանագրով աշխատանքներն արդեն ավարտվել են։
Մասնագետները պետք է ստուգեն նաև, թե տարբեր վթարների, խողովակաշարի վնասման, հրդեհների կամ համակարգերի խափանման դեպքում էներգաբլոկը հնարավոր կլինի՞ անվտանգ կանգնեցնել, հովացնել և կանխել ճառագայթաակտիվ նյութերի արտանետումը։ Ուսումնասիրվում է, թե ինչ տեխնիկական միջոցներ են անհրաժեշտ, եթե գլխավոր շրջանառու խողովակաշարի որևէ հատվածում առաջանա 200 միլիմետր տրամագծով անցքին համարժեք արտահոսք։
Հաշվետվության նախնական տարբերակը ներկայացվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին։ Աշխատանքի վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 1-ն էր։ Բացի այդ, գնահատվել է, թե հրդեհը ինչ ազդեցություն կարող է ունենալ՝ ռեակտորը անվտանգ կանգնեցնելու, այն հովացնելու, ճառագայթաակտիվ արտանետումները վերահսկելու, արտանետումները տեղայնացնելու համակարգերի վրա։
Ենթակապալառու կազմակերպությունը պատրաստել է հաշվետվությունը, այն համաձայնեցվել է ՀԱԷԿ-ի հետ և ուղարկվել կարգավորող մարմնին։ Սահմանված վերջնաժամկետը եղել է 2026 թվականի փետրվարի 17-ը։ Հաշվետվությունից, սակայն, հստակ չի երևում՝ աշխատանքը վերջնականապես ընդունվա՞ծ է, թե դեռ գտնվում է կարգավորող մարմնի դիտարկման փուլում։
Բացի այդ, ստուգվել է, թե ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագիծը և փաստացի վիճակը որքանով են համապատասխանում ներկայում գործող տեխնիկական ու անվտանգության նորմերին։ Կազմվել է կիրառելի նորմատիվ փաստաթղթերի ցանկ, այն համեմատվել է առաջին երկարացման ժամանակ կիրառված պահանջների հետ, ուսումնասիրվել են նոր պահանջներից առկա շեղումները, գնահատվել է, թե նախկինում հայտնաբերված խնդիրներն ինչպես են վերացվել կամ փոխհատուցվել։
Այս աշխատանքների հաշվետվությունները Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին ներկայացվել են 2026 թվականի հունիսի 12-ին, մինչդեռ կառավարության որոշմամբ սահմանված վերջնաժամկետը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն էր։ Այսինքն՝ փաստաթղթերը ներկայացվել են մոտ ինն ամիս ուշացումով։
Կատարվել է անվտանգության հավանականային վերլուծության առաջին և երկրորդ մակարդակների վերանայում։ Պարզ ձևակերպմամբ՝ գնահատվել է՝ ինչ հավանականությամբ կարող են առաջանալ տարբեր վթարներ, ինչ համակարգերի խափանումներ կարող են հանգեցնել ռեակտորի միջուկի վնասման, ինչ հետևանքներ կարող են լինել կայանի ներսում և շրջակա միջավայրի համար։
Աշխատանքի վերջնաժամկետը 2025 թվականի դեկտեմբերի 1-ն էր։ Հաշվետվությունները ներկայացվել են կարգավորող մարմնին, սակայն փաստաթղթից չի երևում՝ երբ են դրանք ներկայացվել և արդյոք ժամկետը պահպանվել է։
Նախորդ ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա մշակվել են լրացուցիչ միջոցառումներ, որոնք պետք է բարձրացնեն էներգաբլոկի անվտանգությունը շահագործման նոր ժամկետի ընթացքում։ Այս միջոցառումները նույնպես ներկայացվել են կարգավորող մարմնին։ Վերջնաժամկետը եղել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ը, սակայն հաշվետվությունում ներկայացման կոնկրետ ամսաթիվ նշված չէ։
Հրդեհների ազդեցության ուսումնասիրության հիման վրա մշակվել են ՀԱԷԿ-ի հրդեհային անվտանգության արդիականացման միջոցառումներ։ Վերջնաժամկետը 2026 թվականի հուլիսի 1-ն էր։ Սակայն հաշվետվությունից պարզ չէ՝ աշխատանքը համարվո՞ւմ է ավարտված, թե վերջնական հաստատման համար դեռ սպասում է կարգավորող մարմնի եզրակացությանը։
Այսպիսով, հաշվետվությունից երևում է, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը ակտիվ փուլում է։ Բազմաթիվ պայմանագրեր կնքվել են, մի շարք աշխատանքներ ավարտվել են, իսկ անվտանգության վերաբերյալ հիմնական հաշվետվությունները ներկայացվել են կարգավորող մարմնին։
Եվգենյա Համբարձումյան

