Գյումրիում տեղի ունեցած վանդալիզմը՝ ռուսական նարատիվներ տարածելու առիթ․ ինչպես շահարկվեց միջադեպը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի վանդալիզմի դեպքը շատ չանցած դարձավ ոչ միայն իրավապահների քննության, այլև քաղաքական մեկնաբանությունների առարկա։ Մինչ Հայաստանում փորձում էին պարզել՝ ով և ինչու է վնասել հուշահամալիրը, ռուսական տեղեկատվական շրջանակները շտապեցին առաջ մղել «ռուսատյացության», «ուկրաինացման» և Հայաստանում նացիզմի մասին թեզերը։
«Հունիսի 10-ին էր տեղի ունեցել դեպքը, Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը վանդալիզմի էր ենթարկվել։ Առաջինը այդ մասին հայտնեց Գյումրիի համայնքապետարանը, տեսանյութ պատրաստեց, նույնիսկ գտել էին տառերը, որոնք պոկել էին հուշահամալիրի հուշաքարերի վրայից ու գցել աղբամանը։ Առաջին աղմուկը բարձրացրեց Միկա Բադալյանը՝ ռուսաստանաբնակ բլոգերը, որը այժմ հետախուզման մեջ է։ Նա դա կապում էր Հայաստանի Արևմուտքը ընտրելու , «ուկրաինացման» թեզի հետ էտ ամեն ինչը ներկայացրեց»,- ասում է Factor TV-ի լրագրող Եվգենյա Համբարձումյանը։
Եվ մինչ Հայաստանի իրավապահները հայտարարում էին, որ ստուգում են բոլոր վարկածները, իսկ դեպքի առնչությամբ արդեն քրեական վարույթ է նախաձեռնվել, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը կոշտ հայտարարությամբ հանդես եկավ։ Ապա նույն նարատիվները սկսեցին ակտիվորեն տարածվել նաև ռուսական պետական մեդիաներում։
«Ուշագրավ է, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հայտարության մեջ հատուկ ընդգծվում էր, որ իրենք գնահատական են սպասում կենտրոնական իշխանությունից, կառավարությունից ու նշում էին, որ Գյումրու համայնքապետարանի, ՏԻՄ մարմնի հետ կապված ոչ մի հարցեր չունեն»,- նշում է լրագորղը։
Այս ընթացքում բոլորին հայտնի Z-բլոգերները սկսեցին ակտիվորեն տարածել այդ թեզերը։ Ալեքսանդր Կոցը, որը ներկայանում է որպես ռազմական բլոգեր, պատժամիջոցների տակ է հայտնվել թե՛ Եվրամիության, թե՛ Մեծ Բրիտանիայի կողմից՝ Ուկրաինայի դեմ պատերազմի հրապարակային աջակցության և Կրեմլի նարատիվների տարածման համար։
Պրոկրեմլյան մեդիադաշտից հայտնի Արմեն Գասպարյանը, որի գործունեությունը կապված է Sputnik-ի և Соловьёв Live-ի հետ, Ուկրաինայի դեմ պատերազմի համատեքստում նույնպես հայտնվել է արևմտյան պատժամիջոցների տակ՝ Կրեմլի նարատիվները տարածելու համար։ Իսկ Միկա Բադալյանը, ով «Եվրասիա» կազմակերպության խորհրդի անդամ է ընտրություններին ընդառաջ ձեռնամուխ էր եղել Ռուսաստանում բնակվող հայերին Հայաստան տեղափոխելու գործին։
«Թե Միկա Բադալյանի, թե Արմեն Գասպարյան և թե Ալեքսանդր Կոցի հրապարկումներում մի ընդհանուր միտք կար, որ ինչքան Հայաստանը ավելի է մտերմանում ԵՄ-ի հետ, այնքան ավելի շատ է գնում «ուկրաինացման» ճանապարհով, և դա նրանց համար խնդիր էր։ Մեծ ուշադրություն էր դարձվում, որ Հայաստանը գնում է դեպի «նացիզմի արդարացման» և այդ հրապարակումներում հենց այց գիծը երևում էր»,- ասաց լրագրողը։
Նյութը պատրաստելիս Եվգենյան օգտագործել է Gerulata գործիքը։ Այն օգնել է հետևել, թե ինչպես են նույն թեզերը տարածվում տարբեր տելեգրամ ալիքներով և քարտեզագրել հիմնական տարածողներին։
«Սա հենց Gerulata-ն է, որի միջոցով նույնականացրել ենք բոլոր ալիքները, կայքերը և մարդկանց, որոնք հրապարակում են կատարել Գյումրիի «Մայր Հայաստանի» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի հետ կապված։ Տեսնում ենք, որ հրապարկումներում գերակշռում են հենց ռուսական ալիքներն ու կայքերը»,- ընդգծում է Եվգենյան։
Գործիքի միջոցով լրագրողը գտել է նաև այնպիսի հրապարակումներ, երբ միջադեպի մասին մանիպուլյատիվ տեղեկատվությունը տարածվել է ոչ թե Գյումրիի, այլ Երևանի «Մայր Հայաստան» հուշարձանի նկարով։
«Ուշագրավ է նաև, որ երբ քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ հունիսի 14-ին կասկածվողը հայտնաբերվել է, հունիսի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցածի հետ կապված։
Փաստեր ստուգող լրագրողը ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքին, որ վանդալիզմի ենթարկված հուշաքարերին նշված են ոչ միայն ռուսական, այլև նախկին ԽՍՀՄ այլ քաղաքների անուններ, այդ թվում՝ Կիևի, Օդեսայի, Մինսկի և Բրեստի անունները։ Սակայն, ի տարբերություն Ռուսաստանի, Բելառուսից կամ Ուկրաինայից միջադեպի վերաբերյալ որևէ պաշտոնական արձագանք չի եղել։
Factor TV-ն զրուցել է Գյումրիի քաղաքապետի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանի և Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ։ Նրանք նշել են, որ տեղի ունեցածում քաղաքական ենթատեքստ չեն տեսնում։ Իսկ Միկա Բադալյանը ձեռնամուխ է եղել հուշաքարերը վերականգնելու աշխատանքներին մասնակցել, Factor TV-ի հետ զրույցում չի հրաժարվել իր դիրքորոշումից՝ պնդելով, թե իր հրապարակումը լրացուցիչ լարվածություն չի ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները, չսպասելով Գյումրիի համայնքապետարանի կողմից հայտարարված վերանորոգման աշխատանքներին, աղբամանից հայտնաբերված տառերը ամրացրել են հուշաքարերին։
Փաստացի, այս միջադեպը ոչ միայն վանդալիզմի, այլև տեղեկատվական մանիպուլյացիաների մասին էր։ Այն ցույց տվեց, թե ինչպես փաստերը դեռ ամբողջությամբ չպարզված՝ դեպքը կարող է օգտագործվել քաղաքական նարատիվներ առաջ մղելու համար, որոնք շարունակեցին տարածվել նույնիսկ այն ժամանակ, երբ հայտնի էին իրական հանգամանքները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

