ՌԴ-ում ծնված ներդրողին Պետդեպը նշանակել է TRIPP-ի հիմնադրամի ղեկավար․ նա ներդրումներ ունի նաև ՀՀ-ում․ The Guardian

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Ռուսաստանում ծնված, Չիկագոյից մասնավոր կապիտալի ներդրող Կոնստանտին Սոկոլովն ԱՄՆ Պետպետքարտուղարության նոր ձեռնարկատիրական հիմնադրամի նախագահ է նշանակել, որը կվերահսկի Կենտրոնական Ասիայի առևտրային միջանցքի համար նախատեսված ավելի քան 200 միլիոն դոլարի ծախսը, ներառյալ՝ տրանսպորտի, էներգետիկ ենթակառուցվածքների և կարևորագույն հանքանյութերի ոլորտներում ներդրումները։ Այս մասին գրել է The Guardian-ը։

Պետքարտուղարությունը հաստատել է նրա նշանակումը։

Սոկոլովը մեկն է 36 դոնորներից, այդ թվում՝ 21 կորպորացիաներից և 15 անհատներից ու ընտանեկան հիմնադրամներից, որոնք, ըստ Դոնալդ Թրամփի, ավելի քան 350 միլիոն դոլար են նվիրաբերել Սպիտակ տան «պարահանդեսային դահլիճի» նախագծին։

Ըստ Public Citizen-ի հետազոտության՝ կորպորատիվ դոնորների երկու երրորդը կառավարական պայմանագրեր է ստացել, մի քանի անհատ դոնորներ ստացել են բարձրաստիճան խորհրդատվական պաշտոններ կամ քաղաքական նշանակումներ, այդ թվում՝ առողջապահության մագնատ Բենջամին Լեոն կրտսերը, որն Իսպանիայում ԱՄՆ դեսպան է նշանակվել «պարահանդեսային դահլիճի» նախագծում ներդրումից հետո, և Օկլահոմայի նավթային ընկերության գործադիր տնօրեն, 80-ամյա Հարոլդ Համմը, որը հարկային արտոնություններ է ապահովել իր ընկերության համար և օգնել է ձևավորել Թրամփի էներգետիկ քաղաքականությունը։

Սոկոլովը «պարահանդեսային դահլիճի» նախագծի վերջին նվիրատուն է, որը պետական ​​պաշտոն է ստացել։ Նրա նվիրատվության չափը չի հրապարակվել։ Նախկինում Սոկոլովը պետական ​​պաշտոն չի զբաղեցրել։

Քարոզարշավի ֆինանսավորման գրառումները ցույց են տալիս, որ Կոնստանտին Սոկոլովը Թրամփի երկրորդ ժամկետի ընթացքում հանրապետական ​​քարոզարշավներին և քաղաքական խմբերին նվիրաբերել է ավելի քան 12 միլիոն դոլար, այդ թվում՝ 11 միլիոն դոլար նախագահի Super Pac Maga Inc-ին և 443,000 դոլար՝ Հանրապետական ​​ազգային կոմիտեին: Նախկինում նա Բարաք Օբամայի համեստ դոնորն էր․ ԱՄՆ նախկին նախագահի 2008 թվականի քարոզարշավին նա նվիրաբերել է 3,600 դոլար։

Սոկոլովը մերժել է The Guardian-ի հարցազրույցի հրավերը և չի պատասխանել իր նշանակման վերաբերյալ հարցերին: Սպիտակ տունն էլ հարցերը վերաուղղել է Պետքարտուղարություն։

Tripp+ ձեռնարկությունների հիմնադրամը, որտեղ Սոկոլովը հիմնադիրն ու նախագահն է, անունը ստացել է «Թրամփի ուղուց» (TRIPP), որը 27 մղոնանոց առևտրային միջանցք է, որը տարածվում է Հայաստանի հարավում և Ադրբեջանում: Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ 201 միլիոն դոլարի հիմնադրամը լիազորված է տրամադրել վարկեր, բաժնետիրական ներդրումներ և դրամաշնորհներ՝ խթանելով մասնավոր հատվածի ռազմավարական զարգացումը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։

Լրատվամիջոցը գրում է, որ փետրվարին Երևան կատարած այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Tripp+ հիմնադրամը նկարագրել էր որպես «պատմական վերափոխման» մաս, որը «կբացի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի միանգամայն նոր աշխարհ»։

Երբ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի վերջին ստորագրել էին Tripp-ի տնտեսական և անվտանգության համաձայնագիրը, Միրզոյանը մամուլին ասել էր, որ նրանք «հիմք են դնում այնպիսի տնտեսական ներգրավվածության համար, որը թույլ կտա հայերին գումար վաստակել և բարգավաճում գտնել, ամերիկացիներին՝ նույնն անել»։

The Guardian-ն ընդգծում է՝ անհասկանալի է, թե ինչպես կարող են Սոկոլովը կամ ԱՄՆ-ն ​​օգտվել հիմնադրամից կամ արդյո՞ք նա փոխհատուցում կստանա իր դերի համար։ Նշվում է, որ Կոնստանտին Սոկոլովը Հայաստանի ամենամեծ հեռահաղորդակցության ընկերության՝ Viva Armenia-ի խոշոր բաժնետեր է, պաշտոններ է զբաղեցնում Northern Pillar Energy Consortium-ում՝ Եվրոպան և Աֆրիկան ​​միացնող մաքուր էներգիայի ու օպտիկամանրաթելային ստորջրյա մալուխային նախաձեռնությունում, ինչպես նաև Pelagos Data Centres-ի նախագահն է՝ ըստ նրա պաշտոնական կայքի։

Սոկոլովը նաև Չիկագոյում գործող IJS Investments մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտանում է «ապագային պատրաստ» էներգետիկայի և հեռահաղորդակցության ոլորտներում, ինչպես նաև Ցյուրիխում գործող Gotthard Investment AG մասնավոր ներդրումային ընկերության հիմնադիրը, որը կենտրոնացած է ֆինանսական ծառայությունների, էներգետիկայի և գլոբալ անշարժ գույքի վրա։

Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ հիմնադրամը կհետևի գործող օրենսդրական պահանջներին, ներառյալ՝ տարեկան հաշվետվությունը և անկախ աուդիտներին՝ թափանցիկությունն ու հաշվետվողականությունն ապահովելու համար, ինչպես նաև կիրառելի դրամաշնորհային դրույթներին՝ ներառյալ շահերի բախման պահանջները։

Սոկոլովը որպես ներդրող գործունեություն է ծավալում ավելի քան 20 տարի, այդ թվում՝ բազմազգ ենթակառուցվածքային և հեռահաղորդակցության նախագծերում: Նրա անձնական կենսագրությունում նշվում է կառավարություններին և խոշոր ընկերություններին ռազմավարական խորհրդատվություն տրամադրելու նրա փորձը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Թրամփի վարչակազմն արդեն աննախադեպ քայլեր է ձեռնարկել Հայաստանի հետ իր կապերը խորացնելու համար՝ այն բանից հետո, երբ Սպիտակ տունը նպաստեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանն անցյալ տարվա օգոստոսին՝ 9 միլիարդ դոլար հատկացնելով նրա միջուկային էներգետիկայի ոլորտը խթանելուն և 11 միլիոն դոլարի ամերիկյան արտադրության հետախուզական անօդաչու թռչող սարքեր վաճառելով նրա կառավարությանը, ինչը նշանավորել է ԱՄՆ-ի առաջին ռազմական տեխնոլոգիաների վաճառքը երկրին։

Զարգացման ֆինանսավորման կորպորացիան, որը մասնավոր կապիտալի սեփականատեր Բեն Բլեքի գլխավորած կառավարական ներդրումային ստորաբաժանում է, նույնպես հայտարարել է «Tripp Development Company»-ն ստեղծելու ծրագրերի մասին՝ Ադրբեջանը նրա վիճելի էքսկլավ Նախիջևանին, ինչպես նաև Հայաստանը և Թուրքիան կապող առաջարկվող երթուղու վրա երկաթուղային և այլ ենթակառուցվածքներ կառուցելու համար։

Սոկոլովի նշանակումը Tripp+ ձեռնարկությունների հիմնադրամի ղեկավարի պաշտոնում միայն վերջին ցուցիչն է Ամերիկայի հանձնառության՝ խթանելու Արևմտյան Ասիան Եվրոպային կապող ռազմավարական միջանցքի զարգացումը։

ԱՄՆ-ը 1989 թվականից ի վեր կառավարել է 13 ձեռնարկությունների հիմնադրամ, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո Կոնգրեսը 300 միլիոն դոլար ուղղեց Հունգարիայում և Լեհաստանում ներդրումների համար։ Երեք տարի անց Կոնգրեսը լիազորել է գործադիր իշխանությանը ստեղծել նոր ձեռնարկությունների հիմնադրամներ Արևելյան Եվրոպայի ցանկացած պետությունում։ Tripp+ ձեռնարկությունների հիմնադրամը ստեղծվել է այս հետխորհրդային օրենսդրության հովանու ներքո։

Թրամփի վարչակազմը խնդրել է Կոնգրեսին ընդլայնել իր լիազորությունները՝ աշխարհի ցանկացած վայրում ձեռնարկությունների հիմնադրամներ ստեղծելու համար, համաձայն իր 2027 թվականի բյուջեի հայտի։

Նշվում է նաև, որ կան որոշ նշաններ, որ Կոնստանտին Սոկոլովի ֆինանսավորման ծավալը կաճի: Պետքարտուղարության արտաքին օգնության ավագ պաշտոնյա Ջերեմի Լևինն ապրիլին Արտաքին հարաբերությունների խորհրդին ասել է, որ գործակալությունն ապահովել է 400 միլիոն դոլար՝ Tripp+ հիմնադրամին ուղղելու համար։

«Կարծում եմ՝ սա փորձնական օրինակներից մեկն է, թե ինչպես ենք մենք փորձում վերաուղղորդել արտաքին օգնությունը, հատկապես՝ տնտեսական ներդրումների ոլորտում»,- հայտարարել է Լևինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի