Հետընտրական «սառը ջո՞ւր». ապահովագրությանը զուգահեռ համավճար վճարելու մասին օրենքը գործում է ավելի քան 10 տարի, ինչ է փոխվել

Լուրեր

05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
05.10.2026 | 10:09
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 5-ի դրությամբ
05.10.2026 | 09:46
Կոտայքում մեքենայից կրակել են պարեկների ուղղությամբ․ երկու ծառայող վիրավորվել է, 2 անձ՝ ձերբակալվել
05.10.2026 | 09:41
Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել ստուգողական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Կառավարությունը երեխաների բուժսպասարկումը դարձրեց վճարովի». ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Գալստյանը երեկ այս վերնագրով ֆեյսբուքյան գրառում էր կատարել, իր իսկ փորձով կիսվել, թե ինչպես են պոլիկլինիկայում իր անչափահաս երեխային նեղ մասնագետի մոտ խորհրդատվության համար պարտադրել համավճար վճարել։

«Էրեկ էրեխուն բժշկի էի տարել իրա պոլիկլինիկա՝ ուղղորդեց դեպի նեղ մասնագետ (վնասվածքաբան):  Ու զգուշացրեց, որ արդեն գործում ա «ՀԱՄԱՎՃԱՐԻ» սկզբունքը նեղ մասնագետի դեպքում։ Այսինքն, ես սկսել եմ հավելյալ գումար մուծել համընդհանուր ապահովագրության շրջանակում, որ էրեխուս անվճար ԲԱԶԱՅԻՆ բուժսպասարկումը դառնա վճարովի (լո՞ւրջ): Սա համակարգի բարեփոխում չի, սա էպիկ ՖԵՅԼ ա, բացահայտ ու քննարկման ոչ ենթակա։ Էրեխեքի անվճար բուժսպասարկումը (բազային) «կարմիր գիծ ա»։ Ես չեմ ասում լիքը բաների մասին, որը չի ծածկվում ու ծնողների հաշվին ա (շատ վատ ա) բայց էս բազային պահանջները միանշանակ պտի բավարարվի ԱՆՎՃԱՐ»։

Գրառմանն արձագանքած օգտատերերից շատերը նշել էին, որ իրենց դեպքում ևս համավճարի սկզբունքն է գործել։

«ԱՆ-ն վաղ հայտնաբերման ու կանխարգելման մասին ա խոսում։ 

ա) Նենց եք անելու սոցիալապես վատ վիճակում գտնվող ծնողները խուսափեն էրեխեքին հիվանդանոց բերելուց։ 

բ) ինքնաբուժության զարգացում և այլն

Հետո էս ամենը պետության վրա ավելի մեծ ծախս ու բեռ ա լինելու։ Կառավարությունը աջ ու ձախ բյուջե ա մսխում, բայց որոշել ա ծախսերը կրճատի ԷՐԵԽԵՔԻ հաշվին։

Ընտրությունները անցել ա, հետընտրական «նվերները» կամաց բացվում են։ Էրեխեքի բազային բուժսպասարկումը պետք ա դառնա անվճար»,- գրառումը եզրափակել էր Գալստյանը։

Factor TV-ի հետ զրույցում Առողջության համընդհանուր ապահովագրական հիմնադրամից նշեցին, որ համավճարի մասով որևէ փոփոխություն չի եղել, սակայն դեպքն իրենք ևս ուսումնասիրել են, կապ հաստատել Գալստյանի հետ։

«Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարների կիրառման կարգավորումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ դրանց չափերը, հիմք ընդունելով օրենսդրությամբ դրանց համար կիրառվող առավելագույն շեմը, որոշվում են բժշկական հաստատությունների կողմից։ ԱՀԱ հիմնադրամը, օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում, դիտարկում է, որպեսզի դրանք չգերազանցեն սահմանված առավելագույն շեմը»,- պարզաբանեց հիմնադրամի ներկայացուցիչ Անուշ Մարտիրոսյանը։

ԵՊՀ դասախոս Սամվել Կարաբեկյանը ևս նմանօրինակ իրավիճակում է հայտնվել, սակայն այս դեպքում խոսքը ոչ թե անչափահաս երեխային է վերաբերել, այլ հենց իրեն. մի քանի օրվա ընթացքում ոչ միայն համավճար է ավելացել, այլև փոփոխվել դրա չափը։

«Ես գրանցվել էի նեղ մասնագետի մոտ հունիսի 22-ին՝ հունիսի 26-ի համար, ինձ ասացին, որ հունիսի 18-ից արդեն 25% համավճար է գործում։ 26-ին որ եկա, պարզվեց այդ պահին արդեն 50% է (ինձ թույլ տվեցին 25% վճարել, քանի որ այդ գործող սակագնով էի գրանցվել): Սա՛ է: Օպերացիան ավարտվեց, շքանշանը և այլ պարգևներ բաշխվեցին, մնացածն էլ դե ինչ կարևոր է…Սպասելի էր, որ պարտադիր անվճար բժշկական ապահովագրությունը պետք է մարեր: Ոչ բյուջեն, ոչ էլ բժշկական ենթակառուցվածքները դրան պատրաստ չէին (և չեն)»։

Վերջին օրերին համավճարի շուրջ աղմուկը չի դադարումը, շատերն այս փոփոխությունները կապում են հետընտրական իրավիճակի հետ. «Որևէ մեկի համար գաղտնիք չէր, որ դա,  ինչպես և կենսաթոշակների ավելացումը,  ռեսուրսատար նախընտրական քվեակորզիչ «օպերացիա» էր, որը թույլ տվեց ևս որոշ ժամանակ մնալ ղեկին»,- ֆեյսբուքյան գրառման մեջ գրել էր Կարաբեկյանը։

ԵՊՀ դասախոսի գրառմանն արձագանքել էին հենց հիմնադրամի ֆեյսբուքյան պաշտոնական էջով՝ խնդրելով նշել, թե որ բժշկական կազմակերպություն է այցելել, որպեսզի կարողանան ուսումնասիրել դեպքը։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ համավճարի կիրառման կարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Համավճարը կիրառվում է օրենքով սահմանված կարգով, իսկ մատուցվող ծառայության արժեքը յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն սահմանում է ինքնուրույն, ինչը չի կարող գերազանցել սահմանված գնի կրկնապատիկը»,- մեկնաբանության դաշտում գրել էին կառույցից։

FactorTV-ն ուսումնասիրեց Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը և առանձնացրեց համավճարի մասով առկա մի քանի կարգավորումներ։

Հոդված 2-րդ, 13-րդ կետ

Համավճարն ապահովագրական փաթեթի շրջանակում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կամ դեղերի համար սահմանված հատուցման առավելագույն չափի և դրանց գնի բացասական տարբերության չափով սույն օրենքով նախատեսված դեպքերում ապահովագրված անձի կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատանը պարտադիր վճարման ենթակա գումարն է։

Հոդված 8, 2-րդ մաս, 1-ին և 2-րդ կետեր

Համավճարի կիրառումը նպատակ ունի 

 

  • հատուցելու ապահովագրական հատուցման չափերի և բժշկական օգնության և սպասարկման տվյալ ծառայության համար հաշվարկված ծախսերի տարբերությունը, 
  • զսպելու բժշկական օգնության և սպասարկման առանձին ծառայությունների անհարկի սպառման ծավալները։

 

Ավելին, հենց օրենքն է պարտադրում վճարել համավճար.

Հոդված 18, 2-րդ մաս, 1-ին կետ

Ապահովագրված անձինք պարտավորվում են օրենքով սահմանված դեպքերում, կարգով ու չափով վճարել ապահովագրավճար և համավճար։

Անցած շաբաթ համընդհանուր ապահովագրության գործընթացի առաջին կիսամյակն ամփոփեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հայտարարելով՝ 1.7 մլն շահառուներից 842 հազար 750-ն արդեն օգտվել է ծառայություններից:

Իսկ երեկ Կառավարության նիստի ժամանակ որոշում ընդունվեց, ըստ որի Հայաստանում հիվանդներին կվերադարձվեն գերավճարները՝ բուժման, ախտորոշման և այլ ծառայությունների համար։ Մասնավորապես, որոշումը վերաբերում է այն վճարներին, որոնք ամբողջությամբ փակում էր առողջության ապահովագրությունը և բժշկական հաստատությունը չպետք է պահանջեր բուժառուից։

 

Ռոզա Վարդանյան