Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կկալանավորվեն․ 200 մլն դրամ կիրառված գրավը դարձել է պետական եկամուտ
Քաղաքականություն
02.07.2026 | 19:21
ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը և եղբորորդին՝ Արամ Խաչատրյանը կկալանավորվեն։ Այս մասին FactorTV-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
«Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը, իսկ նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը դարձվել է պետության եկամուտ»,- հայտնեցին դատախազությունից։
Կայացած դատական նիստից հետո Խաչատրյանների պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ Արտյոմ և Արամ Խաչատրյանները առողջական խնդիրներով պայմանավորված չեն կարողացել դատական նիստին ներկայանալ։
«Մենք առարկեցինք այդ միջնորդության դեմ՝ հիմնավորելով, որ օրենքը նշում է, որ եթե անձը հարգելի պատճառով չի ներկայացել դատական նիստին, ապա չի կարող խափանման միջոցը փոփոխվել։ Կարող էր փոփոխվել բացառապես այն դեպքում, երբ անհարգելի չի ներկայացել։ Հիմա մենք ներկայացրել ենք բժշկական փաստաթղթեր, հիմա առողջական հարցերը չեմ ներկայացնի, բայց նաև բժշկական փաստաթղթերում նշված էր, որ նրանց արգելված է թռիչքը որոշակի ժամկետով, այսինքն հետազոտություններ պետք է անցնեն, բուժումներ պետք է ստանան, նոր վերադառնան։ Ընդամենը պետք էր մի քանի օր սպասել»,- նշեց փաստաբանը։
Սարգսյանը ընդգծեց, որ դատական նիստերի երկու տարվա ընթացքում չի եղել դեպք, որ Արտյոմ և Արամ Խաչատրյանները դատական նիստին չներկայանան և նրանց պատճառով դատական նիստը հետաձգվի։
«Այս ընթացքում քանի որ գրավ է կիրառված եղել որպես խափանման միջոց, թույլատրված է եղել նիստերի միջանկյալ հատվածներում բացակայել Հայաստանի Հանրապետությունից․ օրինակ Արտյոմ Խաչատրյանը բիզնես գործունեությամբ պայմանավորված բազմաթիվ անգամներ մեկնել է, նախապես տեղեկացրել ենք այդ մասին և վերադարձել է։ Այսինքն ոչ մի խնդիր չի առաջացել։ Մենք նշեցինք, որ ընդամենը հինգ օրով հետաձգեք, մինչև այդ առողջական հարցերը կարգավորեն, վերադառնան բնականոն ձևով շարունակվի, այնինչ դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը և խափանման միջոց կիրառեց կալանքը»։
Հիշեցնենք՝ Արտյոմ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, այնուհետև 2008 թվականի հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահի, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014 թվականի ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի որդին, եղբոր՝ Գուրգեն Խաչատրյանի և ազգական Արամ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, հոր կողմից զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ հիմնադրել են «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությունը, որի գրանցման փաստաթղթերում, որպես 40 տոկոս բաժնեմասի սեփականատեր նշվել է Ալեքսանդր Եսայանը, իսկ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների 60 տոկոս բաժնեմասը գրանցվել է վերջիններիս ազգական Հայկ Խաչատրյանի անվամբ:
2008-2016թթ. ընկած ժամանակահատվածում Գագիկ Խաչատրյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր և եղբոր որդիներին պատկանող առևտրային կազմակերպության տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել «Այյունեթվորքս» ՍՊ ընկերության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ ՀՀ ՊԵԿ-ի և ՀՀ ՖՆ կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր:
Օգտվելով Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ «Այյունեթվորքս» ՍՊ ընկերության ծառայողները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր՝ ընդհանուր 4.426.435.781 ՀՀ դրամ արժեքով: Կնքված պայմանագրերի համաձայն՝ նշված ժամանակահատվածում «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությանը փոխանցվել է ընդհանուր 4.088.828.371 ՀՀ դրամ գումար: ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությունը հիմնադրելով և Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից օգտվելով, պետական մարմինների հետ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով՝ ինչպես Արտյոմ Խաչատրյանը, այնպես էլ Գուրգեն և Արամ Խաչատրյաններն օժանդակել են Գագիկ Խաչատրյանին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Վերջիններիս գործողությունների հետևանքով խարխլվել է պետական մարմինների հեղինակությունը, խաթարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության բնականոն գործունեությունը, գնումների բնականոն գործընթացը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը:
Արամ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով 2008 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 4-ը ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, այնուհետև 2008 թվականի հունիսի 4-ից մինչև օգոստոսի 20-ը՝ նշված կոմիտեի նախագահի, 2008 թվականի օգոստոսի 20-ից մինչև 2014 թվականի ապրիլի 26-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի, այնուհետև՝ 2014 թվականի ապրիլի 26-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 8-ը ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնները զբաղեցրած Գագիկ Խաչատրյանի եղբոր որդին, վերջինիս որդիներ՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների հետ նախնական համաձայնությամբ, Գագիկ Խաչատրյանի կողմից զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված, ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ հիմնադրել են «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությունը, որի գրանցման փաստաթղթերում, որպես 40 տոկոս բաժնեմասի սեփականատեր նշվել է Ալեքսանդր Եսայանը, իսկ Գուրգեն, Արտյոմ և Արամ Խաչատրյանների 60 տոկոս բաժնեմասը գրանցվել է վերջիններիս ազգական Հայկ Խաչատրյանի անվամբ:
2008-2016թթ. ընկած ժամանակահատվածում Գագիկ Խաչատրյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր և եղբոր որդիներին պատկանող առևտրային կազմակերպության տնտեսական գործունեությանն ապօրինի նպաստելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, հանձնարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց համագործակցել «Այյունեթվորքս» ՍՊ ընկերության ծառայողների հետ, հնարավորինս աջակցել վերջիններիս՝ ՀՀ ՊԵԿ-ի և ՀՀ ՖՆ կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գնումների ընթացակարգերին պատշաճ մասնակցությունն ապահովելու, տրամադրել դրա համար անհրաժեշտ տեղեկատվություն, վերացնել առաջացող խոչընդոտները և կիրառել առավել բարենպաստ գնման ընթացակարգեր: Օգտվելով Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից՝ «Այյունեթվորքս» ՍՊ ընկերության ծառայողները ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ 2008-2020 թվականների ընթացքում կնքել են ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր՝ ընդհանուր 4.426.435.781 ՀՀ դրամ արժեքով: Կնքված պայմանագրերի համաձայն՝ նշված ժամանակահատվածում «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությանը փոխանցվել է ընդհանուր 4.088.828.371 ՀՀ դրամ գումար: ՀՀ հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ մատուցելու նպատակով «Այյունեթվորքս» ՍՊ ընկերությունը հիմնադրելով և Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու արդյունքում ապօրինի կերպով ստեղծված բարենպաստ պայմաններից օգտվելով, պետական մարմինների հետ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքելով՝ ինչպես Արամ Խաչատրյանը, այնպես էլ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններն օժանդակել են Գագիկ Խաչատրյանին չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Վերջիններիս գործողությունների հետևանքով խարխլվել է պետական մարմինների հեղինակությունը, խաթարվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության բնականոն գործունեությունը, գնումների բնականոն գործընթացը, խախտվել են գնման գործընթացին մասնակցող կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը: Բացի այդ, Արամ Խաչատրյանը, փաստացի հանդիսանալով «Այյունեթվորքս» ՍՊ ընկերության բաժնեմասի սեփականատեր և այն ղեկավարող անձ, օժանդակել է Գագիկ Խաչատրյանին նշված առևտրային կազմակերպության փոխանցված՝ պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակությանը:
Ռոզա Վարդանյան

