Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է

Լուրեր

25.06.2026 | 17:45
Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ
25.06.2026 | 17:36
Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին
25.06.2026 | 17:27
Եթե ՔՊ-ն վստահ է իր ուժերի վրա, թող միանա ՍԴ-ի մեր հիմնավորումներին. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:18
Խիզախ որոշում էր․ Զոհրաբյանը՝ Աջապահյանի գործը նոր քննության ուղարկելու որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:12
Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 17:07
Ընթացքի մեջ է Կարապետյանի` քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 17:00
16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը
25.06.2026 | 16:56
Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:53
Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել
25.06.2026 | 16:45
App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն
25.06.2026 | 16:45
Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:42
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է
25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
Բոլորը

Հունիսի 24-ից X-ում տարածվում է տեսանյութ, որում ասվում է, թե Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը նախազգուշացում է տարածել հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին։ Այն առաջիկա շաբաթներին կարող է հարվածել Կոտայքի մարզին, որտեղ կառուցվում է Firebird AI տվյալների կենտրոնը։

Իրականում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նման հայտարարություն չի տարածել։ Factor TV-ի հետ զրույցում Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը հերքեց այդ տեղեկությունը։

«Իհարկե, մեր կողմից նման լուրեր չեն տարածվել և չեն կարող։ Հերթական ապատեղեկատվությունն է, մեր ծառայությունն էլ 24-ժամյա մոնիթորինգ է իրականացնում, չեմ կարծում՝ մտահոգվելու խնդիր ունենք»,- փոխանցեց Սոս Մարգարյանը։

Ով է տարածել տեսանյութը

X-ում այս տեսանյութը տարածել է Truth_Teller օգտատերը, որն ունի ավելի քան 166 հազար հետևորդ։

Հատկանշական է, որ այս էջը պարբերաբար մասնակցում է Հայաստանի վերաբերյալ ապատեղեկատվական արշավներին։ Օրինակ՝ նախորդ կեղծիքներից մեկը պարունակում էր պնդում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկելու է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումները։ Մեկ այլ կեղծիք վերաբերում էր ԱԱԾ-ի և ԿԸՀ-ի նախաձեռնությամբ, իբրև թե, ստեղծված «Զանավես» կոդային անվանումով գաղտնի համակարգչային ծրագրին, որը հունիսի 7-ին կայացած ընտրությունների ընթացքում օգնելու էր վերահսկել և իրական ժամանակում խմբագրել՝ վերաշարադրել ընտրողների քվեարկության արդյունքները։

Նախորդ դեպքերում ապատեղեկատվությունը տարածվել է ցանցային մեխանիզմով․ կեղծ տեղեկությունները նախ հրապարակվել են փոքր կամ քիչ ճանաչելի էջերում, այնուհետև վերահրապարակվել ավելի մեծ լսարան ունեցող հաշիվներով՝ X-ում, Telegram-ում և Facebook-ում։ Այս գործելաոճը բնորոշ է ռուսական հիբրիդային ազդեցության գործողություններով հայտնի «Մատրյոշկա» ցանցին։

Որն է սկզբնաղբյուրը

X-ում տարածվող տեսանյութը գեներացված է արհեստական բանականության օգնությամբ։
Այնտեղ օգտագործվել է TechCrunch ամերիկյան տեխնոլոգիական լրատվական կայքի լոգոն՝ պնդումներին հավաստիություն հաղորդելու համար։

Այս տեսանյութի սկզբնաղբյուրը TechCrunch-ին կրկնօրինակած կեղծ կայքէջ է, որտեղ էլ հրապարակվել է հոդվածը։ Հատկանշական է, որ tech-crunch.org էջի մենյուի հղումները տանում են իրական techcrunch.com-ի բաժիններ, բայց հոդվածը տեղադրված է ոչ թե techcrunch.com-ում, այլ tech-crunch.org-ում։ Այս մեթոդը հաճախ կիրառվում է նմանակող կայքերում՝ վստահելիության տպավորություն ստեղծելու համար։

Այս մեթոդը հայտնի է Doppelgänger (դոպլգենգեր) անունով։ Այս դեպքերում ապատեղեկատվություն տարածողները ստեղծում են հայտնի կայքերի կրկնօրինակներ, որոնցում տեղադրում են կեղծ տեղեկությունները և այդ  միջոցով են փորձում կշիռ ու վստահություն հաղորդել իրենց ապատեղեկատվությանը։

Այս մեթոդների համադրությունը թույլ է տալիս ենթադրել, որ տվյալ ապատեղեկատվական գործողության հետևում կարող է կանգնած լինել ռուսական Storm-1516 հիբրիդային ազդեցության խումբը։ Storm-1516-ը նախկինում ևս աչքի է ընկել նմանատիպ գործելաոճով՝ կեղծ հետաքննությունների, իբր պետական կառույցներից ստացված գաղտնի տեղեկությունների, հայտնի լրատվամիջոցներին նմանակող կայքերի և ապատեղեկատվության տարածման համակարգված ցանցերի կիրառմամբ։ 

Ինչ պնդումներ են արվում հոդվածում

Կեղծ հոդվածի վերնագրում ասվում է, թե սեյսմիկ ռիսկերը վտանգում են Հայաստանի՝ NVIDIA-ով աշխատող 5 միլիարդ դոլարանոց AI տվյալների կենտրոնի ժամանակացույցը։

Իրականում բաց աղբյուրների տվյալներով հայտնի է, որ ՀՀ կառավարության, համաշխարհային հեղինակավոր NVIDIA ընկերության, AI ամպային և ենթակառուցվածքային Firebird ընկերության, ինչպես նաև Team ընկերությունների խմբի համագործակցությամբ այդպիսի ներդրում իրականացվում է՝ Կոտայքի մարզում արհեստական բանականության արտադրության բարձր տեխնոլոգիական գործարան կառուցելու համար։

Կեղծ հոդվածում ներկայացվում է, թե, իբր, ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության վերլուծությունը, որն առնչվում է Կոտայքի մարզում առկա սեյսմիկ ռիսկին, կասկածի տակ է դնում այնտեղ  AI գործարանի կառուցման արդյունավետությունը, և իբր դա հաստատվել է ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ USGS-ի կողմից, և առաջիկա 35 օրվա ընթացքում այդ տարածքում կարող է տեղի ունենալ 7.4 մագնիտուդով երկրաշարժ։

Իրականում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը նման վերլուծություն չի արել և չի հրապարակել որևէ տեղ։ Հետևաբար ԱՄՆ երկրաբանական ծառայությունը չի կարող հաստատել նման վերլուծություն։ Բացի այդ՝ երկրաշարժը կանխատեսելը իրատեսական չէ, և բազմաթիվ դեպքերում, երբ այդպիսի կեղծ կանխատեսումներ են արվել, սեյսմիկ ծառայությունները հերքել են կանխատեսելու հնարավորությունը։

Հոդվածը սեյսմիկ ռիսկի ընդհանուր փաստը կապում է Firebird նախագծի հետ՝ ստեղծելով տպավորություն, թե AI տվյալների կենտրոնը մոտալուտ վտանգի տակ է։ Սակայն հոդվածում չկա երկրաշարժի իրական կանխատեսում, չկա Firebird-ի սեյսմակայունության վերաբերյալ ինժեներական գնահատական և չկա ապացույց, որ նախագիծը չի կարող գործարկվել նախատեսված ժամկետներում։

Հատկանշական է, որ թիրախավորվել է ոչ թե պատահական ենթակառուցվածք, այլ վերջին տարիների Հայաստանի ամենախոշոր տեխնոլոգիական ներդրումներից մեկը։ Նման նախագծերի շուրջ անորոշություն կամ անվստահություն ստեղծելը կարող է վնասել Հայաստանի ներդրումային հեղինակությանը։

Հոդվածին վստահելիություն հաղորդելու համար  օգտագործվել է  նաև Արմեն Տեր-Կյուրեղյանի տեսանյութը, որում նա, իբրև թե, ասում է․ «Վերջին օրերի սեյսմիկ ակտիվության աճի պայմաններում խիստ կասկածում եմ, որ Հայաստանում Firebird տվյալների կենտրոնի առաջին փուլը շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետում՝ հուլիսի 5-ին»։

Արմեն Տեր-Կյուրեղյանը հայազգի ինժեներ-գիտնական է, սեյսմիկ ինժեներիայի, կառուցվածքային հուսալիության և ռիսկերի վերլուծության ոլորտի միջազգային ճանաչում ունեցող մասնագետ։

Իրականում Տեր-Կյուրեղյանի տեսանյութը կեղծված է։ Տեսանյութի իրական տարբերակը չի հայտնաբերվում, իսկ ձայնը գեներացված է արհեստական բանականության օգնությամբ։

Թե՛ հոդվածում և թե՛ դրա հիման վրա արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութում ներկայացվում են նաև իրական փաստեր, օրինակ՝ որ Կոտայքի մարզում կառուցվելու է AI գործարան, կամ որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ ռիսկային տարածաշրջանում, ինչպես նաև  հիշատակվում է 1988թ․ Սպիտակի երկրաշարժը։

Արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութում օգտագործված ուղեկցող պատկերները ևս իրական են, սակայն դրանք վերցված են այլ իրադարձություններից և կապ չունեն ներկայացվող կեղծ պնդումների հետ։

Այսպիսով՝ X-ում տարածվող տեսանյութում և դրան ուղեկցող հոդվածում ներկայացված պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին որևէ նախազգուշացում չի տարածել, իսկ հոդվածը հրապարակվել է ոչ թե իրական TechCrunch-ում, այլ TechCrunch-ին նմանակող կեղծ դոմենում՝ tech-crunch.org-ում։

Մարիա Խաչատրյան