Զորահանդեսի բոլոր զենքերը՝ 6 րոպեում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նկարի մշակման համար օգտագործվել է արհեստական բանականություն։
Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսին այսօր առաջին անգամ ներկայացվեցին 2022-ից հետո ձեռք բերված պաշտպանողական նորագույն սպառազինությունը և ռազմական տեխնիկան։ Factor TV-ն հակիրճ տեսանյութով ներկայացնում է ցուցադրված բոլոր զինատեսակները։
«Գայլ» հետախույզ-ռոբոտներ
Այս ռոբոտները զինվորի հետ ունակ են իրականացնելու տարբեր բարդության հետախուզման, հայտնաբերման, թիրախի տարբերակման, կրակային աջակցման, ինչպես նաև զինամթերքի և այլ անհրաժեշտ միջոցների մարտի դաշտ հասցնելու խնդիրներ։ Համակարգն ունակ է նաև իրականացնել հայտնաբերված պայթուցիկ սարքերի կրակային և հեռահար ոչնչացում․ համալրված է ցերեկային, գիշերային տեսանելիության, ինչպես նաև ջերմատեսիլ սարքերով։
«Մառախուղ» հակաօդային համալիր
Նախաեստված է տարբեր տեսակի օդային թիրախների հայտնաբերման և դրանց կողմից օգտագործվող արբանյակային տեղորոշիչների, ընդունիչների ճնշման համար։
«Բաստիոն» տեսակի զրահամեքենա
Նախատեսված բարդ տեղանքում անձնակազմի արագ խնդիրների կատարման շրջան տեղափոխելու, հետախուզություն վարելու, պայմանական հակառակորդի վրա կրակային ներգործություն ապահովելու, ինչպես նաև ղեկավարում ու պարեկություն իրականացնելու համար։
ՌՊՕ-Ա «Շմել»
Այս ռեակտիվ հետևակային հրանետը ոչնչացնում է հակառակորդի կենդանի ուժը, թաքստոցները, ինչպես նաև թեթև զրահատեխնիկան և ավտոմեքենաները։ Աֆղանական պատերազմի ժամանակ իր բացառիկ կործանարար ուժի համար զինվորականների կողմից ստացել է «շայթան-խողովակ» (шайтан-труба) մականունը։ Մարտական վիճակի է բերվում 30 վայրկյանում։
ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգ («Солнцепёк»)
Համակարգի հիմնական խնդիրն է հետևակի և զրահատանկային զորամիավորումների աջակցությունը։ Կարող է մոտ 3 կմ շառավղով ամեն ինչ այրել ու մոխրացնել։
«Կարիճ» զենիթահրթիռային համալիր
Նախատեսված է ցածր թռչող ինքնաթիռների, ուղղաթիռների և ԱԹՍ-ների հայտնաբերման և ոչնչացման համար, ինչպես նաև կենսական նշանակություն ունեցող ռազմական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։
ՏՈՐ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիր
Նախատեսված է կարևորագույն ռազմական ու պետական օբյեկտներն ուղղաթիռների և ինքնաթիռների հարվածներից, թևավոր, հակառադիոտեղորոշիչ ու այլ կառավարվող հրթիռներից, ավիառումբերից ու անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար։
«Լուսան» զենիթահրթիռային համալիր
Նախատեսված է մարտական ինքնաթիռների, ուղղաթիռների և ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերի հարվածներից զորքերի խմբավորումների ու կենսական նշանակություն ունեցող պետական ու ռազմական օբյեկտների հակաօդային պաշտպանության համար։ Ունակ է 120կմ հեռավորությամբ հայտնաբերել մինչև 120 օդային օբյեկտ, ավտոմատացված ռեժիմում ուղեկցել մինչև 60, միաժամանակ խոցել 16 թռչող օբյեկտ՝ 18կմ բարձրությամբ և 25կմ հեռավորությամբ։
«Կորնետ Մ» հակատանկային համալիր
Կիրառվում է ինչպես գետնից, այնպես էլ շարժական փոխադրամիջոցներից։ Համալիրը կարող է խոցել ոչ միայն տանկեր, հետևակի մարտական մեքենաներ և զրահապատ սպառազինություն, այլև ցածր թռչող օդային նշանակետեր, ոչնչացնել ամրացված դիրքեր և երկարաժամկետ կրակակետեր։ Կայուն է ռադիոէլեկտրոնային խանգարումների նկատմամբ։
«Նիզակ» հակատանկային կառավարվող հրթիռային համալիր
Նախատեսված է անշարժ և շարժման տարբեր անկյունների տակ՝ մինչև 80 կմ/ժ արագությամբ շարժվող տանկեր ու այլ զրահապատ նշանակետներ հայտնաբերելու, նույնականացնելու և խոցելու համար։ Համալիրը գերճշգրիտ զինատեսակ է․ հնարավորություն ունի վարելու հրաձգություն ինչպես ուղիղ նշանառությամբ, այնպես էլ փակ կրակային դիրքից։ Հակատանկային հրթիռն օժտված է արհեստական բանականությամբ, որն առաջարկում է ընտրել առավել կարևոր նշանակետը, գտնել նշանակետի ամենաանպաշտպան և խոցելի հատվածը։ Ուղղորդման համար օգտագործում է ինֆրակարմիր պատկերային սենսոր, տեսնում է թիրախի ջերմային պատկերն ու հետևում է դրան։
«Հրազդան» ականանետ
Կարող է արագ փոխել կրակային դիրքը և կարճ ժամանակում իրականացնել ինտենսիվ կրակ։ Հիմնական առավելություններն են կրակի արագաձգությունը, պարզ կառուցվածքը և մարտական կիրառման հուսալիությունը։ Ականանետն ունակ է խոցել նշանակետեր բարձունքների հակառակ լանջերում, ձորերի մեջ և դժվար հասանելի վայրերում, ավերել թեթև դաշտային տիպի կառույցներ, ինչպես նաև լուսավորել և ծխապատել մարտական գործողությունների անցկացման շրջանը։
«Սևան» ականանետ
Այն կիրառվում է տեղանքի խոր ծալքերում ու թաքստոցների հետևում կահավորված բաց և կիսաբաց պաշտպանական կառույցներից՝ խնդիր ունենալով ճնշել կամ ոչնչացնել խրամատներում, բարձունքների հակադարձ լանջերին, լեռնահովիտներում, ձորակներում տեղակայված պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կրակային միջոցները, ավերել թեթև տիպի դաշտային կառույցները, ինչպես նաև լուսավորել և ծխապատել այն տեղանքը, որտեղից անցկացվում են պայմանական մարտական գործողությունները։
«Հրազդան» և «Սևան» ականանետները պայմանական մերձամարտ վարող ստորաբաժանումների կրակային խոցման հիմնական միջոցներն են։
«Ատլանտ» ռեակտիվ համակարգ
Ներգրավվում է համեմատաբար մեծ չափեր ունեցող խմբային նշանակետերի խոցման, հեռավոր ականապատման և պայմանական մարտական գործողությունների շրջանում համատարած հրդեհների առաջացման համար։ Դրա կրակն առավել արդյունավետ է բաց տեղաբաշխված կենդանի ուժը և ոչ զրահապատ նշանակետերը խոցելիս։ Հաշվի առնելով համակարգի կառուցվածքային չափերը՝ այն արդյունավետ է լայնորեն կիրառել լեռնային պայմաններում։
Д-30 հաուբից
Նախատեսված է կենդանի ուժի, կրակային միջոցների, զրահապատ և այլ մարտական տեխնիկաների, հրետանային ու ականանետային մարտկոցների, հակաօդային պաշտպանության միջոցների և ղեկավարման կետերի խոցման համար։ Д-30 հաուբիցները լեռնային տեղանքում յուրային զորքերի աջակցման միջին հեռահարության բարձր արդյունավետության միջոցներ են՝ փորձված ուժ, որը չի կորցնում իր նշանակությունը։
«Տորք» հաուբից
Ժամանակակից խոցման միջոց է և ի զորու է մեծ հեռավորությունների վրա ճշգրիտ կրակով խոցել կենդանի ուժը, կրակային միջոցները, ռեակտիվ հրետանային, ականանետային և զենիթահրթիռային մարտկոցները, ղեկավարման կետերն ու այլ նշանակետերը։ Ինքնաշարժ է և ի վիճակի է առանց քարշակի տեղաշարժվել կրակային դիրքի շրջանում, ինչը թույլ է տալիս հաճախակի խուսավարումների շնորհիվ արագ փոփոխել կրակային դիրքերը։
«Միհր» ինքնագնաց հրետանային կայանք
Բարձր ճշգրտության շնորհիվ նվազագույն ժամանակահատվածում խոսցում է նշանակված նշանակետերը՝ ապահովելով մարտական առավելություն։ Համակարգի խցիկը զրահապատ է, ինչը բարձրացնում է անձնակազմի պաշտպանվածության մակարդակը։ Ունի բարձր խուսանավման և արտաճանապարհային պայմաններում բարձր անցանելիության հնարավորություն՝ ինչպես հարթավայրային, այնպես էլ լեռնային պայմաններում։
«Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանք
Հաշված վայրկյանների ընթացքում ի զորու է կատարել նշանակետերի ոչնչացման, տարածքների ծխապատման, լուսավորման խնդիրներ՝ հնարավորություն ունենալով կիրառելու ժամանակակից և ճշգրիտ, հեռակառավարվող արկեր։ Կայանքը ոչ միայն հրետանային խոցման միջոց է, այլ նաև բարձր տեխնոլոգիական, ճշգրիտ և համակարգված գործողություններ իրականացնող հրետանային համակարգ, որը թույլ է տալիս ավտոմատ կրակի կառավարում իրականացնել։
«Շանթ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ
Առանձնանում է իր մեծ խոցման հզորությամբ, բարձր ճշգրտությամբ և պայմանական սպառնալիքներին առագ արձագանքելու հնարավորություններով։ Համալիրը կարող է գործել մարտական իրադրության և եղանակային ցանկացած պայմաններում, ինչպես ստորաբաժանման կազմով, այնպես էլ մեկ արձակման կայանքի միջոցով ճշգրիտ հարվածներ հասցնել միաժամանակ մի քանի նշանակետի։ Աչքի է ընկնում բացառիկ շարժունակությամբ։
«Կայծակ» ԱԹՍ
Սարքը նախատեսված է շարժական և անշարժ նշանակետերի խոցման համար։ Ունակ է թիրախներ խոցել մինչև 17 կիլոմետր խորությամբ։ Անօդաչուն իր փոքր չափերով, սակայն բարձր մանևրայնությամբ, ինտեգրվելով հատուկ նշանակության ստորաբաժանումներում, հարկ եղած դեպքում կիրառվում է պայմանական հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը ետ մղելու համար։
Հայրենական արտադրության AW-100-R ԱԹՍ
Նախատեսված է օդային լուսանկարահանում իրականացնելու համար։ Ունակ է գործել 30 կիլոմետր շառավղով։ Այն արդյունավետ միջոց է քարտեզագրման, ինչպես նաև հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։ Իր զանգվածաչափական փոքր բնութագրերի շնորհիվ աննկատ է պայմանական հակառակորդի ռադիոլոկացիոն համակարգերի համար։ Շահագործման տեսանկյունից դյուրին է և պարզ։
Հայրենական արտադրության «Մեղու-5» ԱԹՍ
Նախատեսված է պայմանական հակառակորդի զրահապատ տեխնիկայի և կենդանի ուժի ոչնչացման համար։ Կարող է թռչել 90 կիլոմետր ժամ արագությամբ։ Ունակ է խնդիր կատարել 40 կիլոմետր շառավղով։ Միջոցը համալրված է արհեստական բանականության տարրերով, որոնք նախադրյալներ են ստեղծում պայմանական մարտադաշտում արագ կողմնորոշվելու և նշանակետերն արդյունավետ խոցելու համար։
Հայրենական արտադրության SV-M1 ԱԹՍ
Նախատեսված է օդային լուսանկարահանման, քարտեզագրման և հատուկ նշանակության խնդիրների կատարման համար։ Կարող է զարգացնել մինչև 80 կիլոմետր ժամ արագություն, խնդիր կատարել 50 կիլոմետր շառավղով և 6000 մետր բարձրության վրա։ Այս անօդաչուի միջոցով ստացված լուսանկարները, առանց որևէ հատուկ տեխնիկական միջոցների կիրառման, շատ կարճ ժամանակահատվածում վերածվում են բարձր ճշգրտության քարտեզի, ինչն էլ իր հերթին հնարավորություն է տալիս դուրս բերել ճշգրիտ կոորդինատներ և այն փոխանցել խոցում իրականացնող ստորաբաժանումներին։
Հայրենական արտադրության UL-350 ԱԹՍ
Կիրառվում է օդային լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնելու համար։ Այն անընդմեջ կարող է օդում լինել մինչև 7 ժամ, 6000 մետր բարձրության վրա և թռիչք կատարել 100 կիլոմետր շառավղով։ Այն համալրված է ավտոնոմ էլեկտրասնուցման և ալեհավաքային համակարգերով, տարբեր նշանակության տեսախցիկներով՝ գիշերային և ցերեկային պայմաններում տարատեսակ խնդիրների կատարման համար։
Հայրենական արտադրության հետախուզահարվածային «Դև-11» ԱԹՍ։
Նպատակն է հայտնաբերել թեթև զրահապատ և ոչ զրահապատ տեխնիկաներն ու ոչնչացնել դրանք։ Զարգացնում է 97 կիլոմետր ժամ արագություն և ունակ է խնդիր կատարել մինչև 50 կիլոմետր շառավղով։ Սարքի հիմնական առավելություններից են ժամանակի իրական պահին հետախուզություն իրականացնելը, նշանակետերը հայտնաբերելը և խոցելը, որոնք կարող են իրականացվել ինչպես ավտոմատ, այնպես էլ օպերատորի թիրախավորմամբ։
Հայրենական արտադրության «Դև-31» ԱԹՍ
Այն, ի տարբերություն «Դև-11»-ի նախատեսված է վերգետնյա ստացիոնար նշանակետերը խոցելու համար։ Այս անօդաչուի մարտական մասը բեկորաֆուգասային կումուլյատիվ է։ Թռիչք կարող է իրականացնել մինչև 150 կիլոմետր հեռավորության վրա։ Անօդաչուի վերթիռը նույնպես իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով։
Հայրենական արտադրության հետախուզահարվածային «Դև-3» ԱԹՍ
Նախատեսված է հետախուզության իրականացման և տարբեր տեսակի նշանակետերի հայտնաբերման ու ոչնչացման համար։ Կարող է առաջադրանքը կատարել 300 կիլոմետր հեռավորության վրա։ Ինչպես նախորդը, այս անօդաչուի մեկնարկը ևս կատարվում է ռեակտիվ մեկնարկիչով։ Այն «Դև-31»-ի արդիականացված տարբերակն է և համալրված է ժամանակի իրական պահին հետախուզություն իրականացնելու, տեսաազդանշանը և հայտնաբերված նշանակետերի կոորդինատները վերգետնյա ղեկավարման կայանին փոխանցելու համակարգերով։
«Որոտ-1» հակառադիոլոկացիոն ԱԹՍ
Զորատեսակի սպառազինության այն տեսակներից է, որը նախատեսված է պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության համակարգերի ղեկավարման կայանների ոչնչացման համար։ Կարող է զարգացնել մինչև 220 կիլոմետր ժամ արագություն։ Անօդաչուն տեխնոլոգիական ժամանակակից լուծումներից է և համարվում է ռադիոլոկացիոն համակարգերի ահ ու սարսափը։ Այն հնարավորություն ունի հայտնաբերել և խոցել գրեթե ցանկացած տեսակի ռադիոլոկացիոն կայան։ Վերթիռն իրականացվում է ռեակտիվ մեկնարկիչով։
Հայրենական արտադրության «Շտորմ-320» ԱԹՍ
Նախատեսված է օդային լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնելու համար։ Ուղղահայաց վերթիռ-վայրէջքով այս անօդաչուի թռիչքի շառավիղը կարող է հասնել մինչև 120 կիլոմետրի։ Ուղղահայաց վերթիռ-վայրէջքի հիմնական առավելություններն են՝ ցանկացած վայրից առաջադրված խնդրի կատարումը, շահագործման պարզությունը և վնասվածքների նվազագույն ռիսկը։ Կարող է ծառայել նաև որպես կապի վերահաղորդիչ։
ԱԲ-ի տարրերով համալրված «Մեղու-1» ԱԹՍ
Նախատեսված են պայմանական հակառակորդի տարբեր տեսակի նշանակետերը խոցելու համար։ Կարող են խնդիր կատարել մինչև 60 կիլոմետր շառավղով։ Կախված նշանակետի բնույթից՝ այս սարքը թիրախների խոցումն իրականացնում է թե՛ մեկական մեկնարկով, թե՛ պարսային սկզբունքով։
Հայրենական արտադրության «Բիպ-10» ԱԹՍ
Նախատեսված է օդային լուսանկարահանման, տեսանկարահանման և հրետանու կրակի կոորդինացման համար։ Անօդաչուի թռիչքի շառավիղը կարող է հասնել մինչև 100 կիլոմետրի։ Այն համարվում է ժամանակակից հետախուզական միջոց, որը համալրված է տարբեր նշանակության պարագաներով։
Հայրենական արտադրության «Յու-Էլ-450» ԱԹՍ
Երկարատև թռիչքային պաշարով, միջին արագությամբ թռչող անօդաչու է, նույնպես նախատեսված օդային լուսանկարահանման, տեսանկարահանման և հրետանու կրակի կոորդինացման համար։ Անօդաչուի թռիչքի շառավիղը կարող է հասնել մինչև 200 կիլոմետրի։
Հետախուզահարվածային «Դև-4» ԱԹՍ
Նախատեսված պայմանական հակառակորդի կենդանի ուժը ոչնչացնելու համար։ Գործողության շառավիղը ղեկավարման կայանից կազմում է 100 կիլոմետր։ Մինչ հարվածային բաղադրիչը գործի դնելը, անօդաչուն ինքնուրույն իրականացնում է հետախուզություն, և համապատասխան նշանակետերի հայտնաբերման պայմաններում օպերատորն իրականացնում է ռմբանետում։
Հայրենական արտադրության «Դև-Կ» ԱԹՍ
Նախատեսված է 300 կիլոմետր հեռավորության, 9000 մետր բարձրության վրա թռչող օդային նշանակետեր խոցելու համար։ Այն հակաօդային պաշտպանության միջոց է՝ պատրաստ ոչնչացնելու պայմանական հակառակորդի միջին արագությամբ թռչող օդային նշանակետերը։ Այս անօդաչուի վերթիռը կատարվում է մեկնարկիչով, իսկ վայրէջքը՝ անկարգելով։
«Որոտ-2» հեռահար հարվածային ԱԹՍ
Մնալով օդում 6 ժամ՝ իրականացնում է տարբեր հեռավորության վրա հայտնաբերված բազմապիսի նշանակետերի ոչնչացում։ Վերթիռն իրականացվում է մեկնարկային կոնտեյներից՝ ռեակտիվ մեկնարկիչով։ Մեկանգամյա օգտագործման միջոց է՝ համալրված բազմաֆունկցիոնալ մարտական մասով, որը նախատեսված է ռազմավարական նշանակության նշանակետերի խոցման համար։ Համակարգի մաս կազմող շարժական ղեկավարման կայանը նախատեսված է ինչպես խնդիրների պլանավորման և կատարման, այնպես էլ շահագործող ու կիրառող անձնակազմի տեղափոխման համար։
«Աղեղ» ինքնաթիռային տիպի ԱԹՍ
Երկարատև թռիչքային պաշարով, բազմաֆունկցիոնալ այս անօդաչուն նախատեսված է հետախուզություն իրականացնելու, նշանակետերը հայտնաբերելու և ոչնչացնելու համար։ «Աղեղի» թևերի բացվածքը 18 մետր է, երկարությունը՝ 8․5 մետր։ Կարող է թռչել 200 կիլոմետր ժամ արագությամբ, 28 ժամ տևողությամբ։ Ծովի մակարդակից կարող է բարձրանալ մինչև 8600 մետր։ Թռիչքի շառավիղը՝ 2000 կիլոմետր։ Պայմանական հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներից պաշտպանված այս անօդաչուն ոչ միայն աներևույթ հետախույզ է, այլև ցանկացած պահի կայծակնային հարված հասցնելու զենք։ Անօդաչու թռչող համակարգը համալրված է հնարավոր բոլոր տեսակի՝ ինչպես հետախուզական, այնպես էլ հարվածային օգտակար բեռներով։
Երկնքում ցուցադրվեցին Մ-17Վ ուղղաթիռներ, Սու-30ՍՄ և Սու-25 կործանիչներ։
Եվգենյա Համբարձումյան