Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին

Լուրեր

13.05.2026 | 20:37
Զանգերի անօրինական տերմինացիայի միջոցով ստվերային եկամուտներ ստացող խումբ է բացահայտվել. ՆԳՆ
13.05.2026 | 20:23
Ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այդտեղ չեն ապրելու․ Փաշինյանը կարող է հեծանիվ քշել Ալիևի հետ․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:09
Մարությանը` ռուսական ռազմաբազան Գյումրիից դուրս բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 20:00
Իրավապահները դուխ ունե՞ն, մի հատ էլ ՔՊ-ականներին գաղտնալսեն, տոտալ տեռոր է պետական համակարգի դեմ՝ մեր շտաբի կողքին չլինեն․ Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:52
Ո՞վ չի կարող քվեարկել․ ամենը, ինչ պետք է իմանալ ընտրություններից առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:47
Փաշինյանի նախընտրական հանրահավաքը Աշտարակում․ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 19:43
Կեղծ տեսանյութ և չհիմնավորված պնդումներ՝ Գյումրիի մոտ «թուրքական ռազմաբազայի գաղտնի համաձայնագրի» մասին
13.05.2026 | 19:33
Ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարին
13.05.2026 | 19:20
Թրամփը հայտարարել է՝ Իրանի միջուկային ծրագրի դադարեցումն ավելի կարևոր է ամերիկացիների ֆինանսական դժվարություններին
13.05.2026 | 19:08
Թեժ բանավեճ Մարությանի քարոզարշավի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 19:00
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելը մեր ուժի վերջնանպատակն է․ վստահ չեմ՝ Փաշինյանը 2 տարուց ռուսամետ քաղաքականություն չի վարի․ Հակոբ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:49
Եթե 2026-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի, մեր ապագան «Արևմտյան Ադրբեջանն» ա․ Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 18:42
Cherchez la femme. Թուրքիայում հարձակվել են «Արսենալի» նախկին ֆուտբոլիստի վրա
13.05.2026 | 18:33
ՌԴ բանակը կարող է օգտագործվել՝ արտասահմանում իր քաղաքացիներին պաշտպանելու համար․ Պետդուման ընդունեց օրենքը
13.05.2026 | 18:22
Հայաստանից Բելգիա են վերադարձվել ապօրինի տեղափոխված երկու անչափահաս երեխաները
Բոլորը

Մայիսի 9-ից X հարթակում տարածվում են նույնաբովանդակ տեսանյութեր, որոնցում պնդում է արվում, թե Եվրոպական միության աջակցությամբ կնքված ոչ հրապարակային համաձայնագրի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանում թուրքական ռազմաբազայի տեղակայմանը։

Լուսանկարը՝ Truth_teller օգտատիրոջ X-ի էջից

Տեսանյութում չի ներկայացվում որևէ փաստական հիմք, որը կհաստատի տեղեկության՝ իրականությանը համապատասխանությունը։ 

Factor TV-ն դիմեց ՀՀ վարչապետի աշխատակազմին, որտեղից փոխանցեցին, որ շրջանառվող տեսանյութը հերթական կեղծ լուրն է։

Տեխնիկական կեղծիք. AI ձայն և մանիպուլացված կադրեր

Տեսանյութի անգլերեն խոսքը գեներացված է արհեստական բանականության (AI) միջոցով։ Խոսքին զուգահեռ ներկայացվող լուսանկարների մի մասը վերցված է մայիսի 4-5-ին Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից և ՀՀ-ԵՄ գագաթնաժողովից։

Միաժամանակ, զինտեխնիկայի և զինվորականների կադրերը, որոնք ներկայացվում են որպես «նոր բազայի» հետ կապված տեսարաններ, իրականում վերցված են 2021 թվականի նոյեմբերի 30-ին Ադրբեջանում անցկացված մարտական վարժանքներից։

DRM news լոգոյի հետքերով

Տեսանյութում օգտագործվել է DRM news-ի լոգոն։ DRM news-ը սոցիալական ցանցերում ներկայանում է որպես միջազգային հարցերի, սպորտի, ֆինանսների և այլ թեմաների վերաբերյալ թարմ նորությունների և խորքային վերլուծությունների աղբյուր։ DRM news-ը հիմնական գործունեությունը ծավալում է YouTube-ում և Facebook-ում, որտեղ ունի համապատասխանաբար շուրջ 831 հազար և 137 հազար հետևորդ։

LinkedIn-ում նշվում է, որ յութուբյան ալիքը կառավարվում է Dot Republic Media-ի կողմից,  կայքի հղումը ևս տանում է դեպի Dot Republic Media։ Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Դուբայում, թեև աշխատակիցների մեծ մասն ապրում է Պակիստանում։ Նշված  կայքը ստեղծվել է 2014 թվականին։

FactorTV-ն կապ հաստատեց DRM news լրատվականի խմբագրության հետ, որտեղից մեզ գրավոր փոխանցեցին, որ շրջանառվող տեսանյութի հետ իրենք որևէ կապ չունեն։

Նշենք, որ deepfake-երի ամենատարածված հնարքներից մեկն իրական լրատվամիջոցի լոգոյի օգտագործումն է՝ տեսանյութին վստահելիության շերտ հաղորդելու համար։ Ինչը եվ արվել է նաև  այս դեպքում։ 

DRM news-ի էջերում առկա է տեսանյութ, որի գլխավոր նկարը նման է X-ում տարածվող տեսանյութի գլխավոր պատկերին, սակայն բովանդակությունն այլ է։ Եթե X-ում տարածվող տեսանյութում խոսվում է թուրքական ռազմաբազայի մասին, ապա DRM news-ի հրապարակած նյութը մայիսի 5-ին Երևանում անցկացված ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ուղիղ հեռարձակումն է։

Լուսանկարներից առաջինը՝ DRM News-ի տեսանյութից է, մյուսը՝ X-ում տարածվողից է

Այդ տեսանյութի վերնագիրն է՝ «Հայաստանն ու ԵՄ-ն ստորագրում են կապակցվածության մասին համաձայնագիր Երևանում անցկացվող առաջին գագաթնաժողովի ժամանակ»։ Տեսանյութը հրապարակվել է 2026 թվականի մայիսի 5-ին և ներկայացնում է ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Անհիմն պնդումները՝ փաստերի ուղեկցությամբ

Տարածվող տեսանյութում կիրառվել է նաև մեկ այլ մոլորեցնող հնարք․ վստահություն ձևավորելու համար ներկայացվում են իրական փաստեր, որոնք զուգորդվում են չհիմնավորված պնդումների հետ։

Օրինակ՝ տեսանյութի սկզբում նշվում է, որ Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից հետո առևտրի և էներգետիկայի ոլորտները ներառող համագործակցության մի շարք համաձայնագրեր են կնքվել։

Իրականում հայտնի է, որ մայիսի 4-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդել է մայիսի 5-ին ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը,  ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։ Մասնավորապես, մայիսի 5-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության վերաբերյալ փաստաթղթերի ստորագրում, որի շրջանակում նախատեսվում են նաև ներդրումներ էներգետիկայի ոլորտում։

Սակայն այս փաստական տեղեկությանը շրջանառվող տեսանյութում  հաջորդում է արդեն չհիմնավորված պնդումը։

«Ըստ մի քանի եվրոպացի դիվանագետների, Հայաստանը նաև ստորագրել է ոչ հրապարակային համաձայնագիր, որով Թուրքիային թույլատրվելու է ռազմական բազա ստեղծել Գյումրի քաղաքի մերձակայքում։ Բազան սկզբնական շրջանում գործարկվելու է ադրբեջանցի ռազմական մասնագետների կողմից, մինչև այն անցնի թուրքական վերահսկողության տակ։ Համաձայնագիրը կտրուկ շրջադարձ է Հայաստանի համար, որը երկար տարիներ Թուրքիային և Ադրբեջանին դիտարկել է որպես թշնամական պետություններ»,- ասվում է տեսանյութում։

Հատկանշական է, որ երբ խոսվում է Գյումրիի մերձակայքում թուրքական ռազմաբազայի տեղակայման մասին, ներկայացվող «համաձայնագիրը» բնորոշվում է որպես ոչ հրապարակային։ Այստեղ նշվում է նաև «ըստ մի քանի եվրոպացի դիվանագետների», սակայն չի հստակեցվում թե ովքեր են նրանք։ Միաժամանակ ներկայացվում են մանրամասներ այն մասին, որ  իբր բազան սկզբնական շրջանում գործարկվելու է ադրբեջանցի ռազմական մասնագետների կողմից։ Այդ պնդումներին զուգահեռ ցուցադրվում են 2021 թվականի նոյեմբերի 30-ի ադրբեջանական ռազմական վարժանքների կադրերը։ Սակայն տեսանյութում որևէ աղբյուր չի նշվում, թե որտեղից է ստացվել այդ տեղեկատվությունը։

Տեսանյութում նաև ասվում է, թե Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին էական դեր է ունեցել համաձայնության կայացման հարցում, սակայն կրկին որևէ հիմնավորում կամ ապացույց չի ներկայացվում։

Բացի այդ, հղում է արվում «փորձագետների կարծիքներին», որոնք, իբր, այդ ռազմական բազան դիտարկում են որպես լարվածության օջախ ԱՄՆ-Թուրքիա-Իսրայել հարաբերությունների համատեքստում, սակայն այդպես էլ չի նշվում, թե ովքեր են այդ փորձագետները։

Հատկանշական է նաև, որ տեսանյութի վերջում շեշտվում է, թե համաձայնագիրը կնքվել է խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ, և նշվում, թե ԵՄ դիվանագետները Նիկոլ Փաշինյանին իբր վստահեցրել են, որ «միջազգային ընտրական դիտորդները անտեսելու են հնարավոր խախտումները՝ փաստացի ապահովելով նրա հաղթանակը»։

Նկատենք, որ նմանատիպ նարատիվներ  վերջին շրջանում տարածվում էին նաև ռուսալեզու տելեգրամյան ալիքներում։

Որքանո՞վ է տեսանյութը տարածվել սոցցանցերում

Բովանդակությունն առաջին հերթին ակտիվորեն տարածվել է X հարթակում։ Մայիսի 9-10-ի ընթացքում տարբեր օգտատերեր սկսել են տարածել տեսանյութը։ 

Առնվազն 15 էջեր տարածել են այդ տեսանյութը:

Հատկանշական է, որ այդ էջերը առաջին անգամը չէ, որ X-ում տարածում են նմանատիպ ՝

կեղծ «հետաքննությունների» հիման վրա AI-ով գեներացված տեսանյութներ ։

 Նման օրինակներից են  այն պնդումները, թե Հայաստանի  իշխանությունները պատրաստվում էին  չեղարկել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված հանրային միջոցառումները կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զանգեզուրի միջանցքի  շինարարական նախագիծը 40 տարով հանձնում է  թուրքական «Լիմակ» ընկերությանը։

Ի դեպ, Truth_teller օգտատերը այդ տեսանյութը տարոծող գրառման մեջ Զանգեզուրի մօջանցքի փոխարեն գրել է Զանզիբարի միջանցք։

Այս տեսանյութերը ևս պատրաստված են նույն սխեմայով․ օգտագործվել է արհեստական բանականությամբ գեներացված ձայն, կիրառվել են լրատվամիջոցների լոգոներ, իսկ իրական փաստերի կողքին ներկայացվել են անհիմն պնդումներ։

Այսպիսով՝ Հայաստանում թուրքական նոր ռազմաբազայի տեղակայման մասին տեսանյութը կեղծ է․ այն չի հրապարակվել  DRM news լրատվականի կողմից, դրանում ներկայացված պնդումները չեն հիմնավորվում այլ աղբյուրներով, իսկ ՀՀ կառավարությունն էլ հերքում է նման համաձայնության մասին տեղեկատվությունը՝ այն որակելով կեղծիք։  

Մարիա Խաչատրյան