50 ԲԿ-ի փոխարեն՝ 14-ը․ չիրագործված խոստում՝ առողջապահության ոլորտում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 18:59
ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ
21.04.2026 | 18:57
Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով. Reuters
21.04.2026 | 18:45
«Փորձել է վնասել դասարանցիներին». դասադուլ՝ աշակերտներից մեկի վարքի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.04.2026 | 18:35
ՖԻՖԱ․ Կանանց Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
21.04.2026 | 18:27
Թրամփը հայտարարել է, որ սպասում է «ռմբակոծությունները» շարունակելուն, եթե չհաջողվի համաձայնության գալ Իրանի հետ
21.04.2026 | 18:18
Հայաստանը ողջունում է ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը․ ԱԳՆ
21.04.2026 | 18:10
«Ուժեղ Հայաստանը» և «Ապրելու երկիրը» հուշագիր են ստորագրել // Հունգարիան դուրս չի գա ՄՔԴ-ից․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 18:05
Հրազդանի կիրճում կստեղծվի 5,5 կմ երկարությամբ բազմագործառութային հանգստի գոտի․ ավագանին հավանություն է տվել նախագծին
21.04.2026 | 17:54
Եվրոպան ցանկանում է արդյունավետ կապեր Կենտրոնական Ասիայի հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով
21.04.2026 | 17:45
Ադրբեջանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց պաշտպանությունը. Amnesty International
21.04.2026 | 17:37
Ադրբեջանում առաջարկում են դադարեցնել Բելգիայի և Նիդերլանդների հետ միջխորհրդարանական խմբերի գործունեությունը՝ Արցախի բանաձևերի ընդունման պատճառով
21.04.2026 | 17:28
Առաջին անգամը չէ, որ աշխատավարձ ենք բարձրացնում․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 17:20
Թրամփը հայտարարել է, թե Իրանը բազմիցս խախտել է հրադադարը
21.04.2026 | 17:14
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա
21.04.2026 | 17:05
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ, Ռուբեն Նազարեթյանն այլ պաշտոն կզբաղեցնի
Բոլորը

Բուժհաստատությունների արդիականացման Կառավարության ծրագիրն էականորեն հետ է մնացել իր թիրախներից։ Դեռևս 2021-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խոստանում էր 5 տասնյակ բժշկական հաստատություն արդիականացնել։ Թիրախն ընդգրկվել էր նաև Կառավարության 2021-2025 թվականների ծրագրում, այսինքն՝ պետք է իրականացված լիներ մինչև 2025-ի ավարտը։

«Մենք ստանձնել ենք, որ 50 ԲԿ պետք է կառուցենք, վերակառուցենք կամ հիմնանորոգենք, դա նաև մեր նախընտրական պարտավորությունն է։ Էս փուլում մենք պետք է պատշած պլանավորում ունենանք, համոզված լինենք, որ մեր նպատակները իրագործելիության տիրույթում են այլևս»,- դեռևս 2022-ի ապրիլի 7-ին նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

50 բուժհաստատություններից արդիականացվել է միայն 14-ը․ այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Առողջապահության նախարարությունից։ 14-ից էլ միայն 9-ն է ամբողջությամբ արդիականացվել պետական բյուջեի միջոցներով։ 2-ի կառուցումը,  վերանորոգումը կամ վերազինումը կատարվել է Համահայկական հիմնադրամի, մյուս 3-ը՝ պետբյուջեի, դրամաշնորհների և Ջինիշյան հիմնադրամի միջոցներով։

«Տարբեր կենտրոններ կառուցման, վերակառուցման տարբեր նպատակներ ունեն։ Կենտրոններ ունենք, որ 0-ից ենք կառուցում»,- Կառավարության նույն նիստի ժամանակ նշել էր առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։

Առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը ծրագրի մասնակի կատարումը կապում է ինչպես օրենսդրական, այնպես էլ լիցենզավորման խիստ պահանջների հետ, որոնք նոր են ներդրվել։ Եթե նախկինում ԲԿ-ներն անժամկետ լիցենզիաներ էին ստանում, ապա հիմա 5 տարին մեկ անգամ պետք է վերալիցենզավորվեն։ 

«Եթե նախատեսված է իրականացնել 21-25 թվականին, եթե մի քանի ամիս ուշ սկսեն այդ գործընթացը, օրինակ, ես գիտեմ, որ այնտեղ կան կառույցներ, որոնց մասով, վերազինման և վերակառուցման աշխատանքները ընթացքի մեջ են, բայց իրենք պիտի 25-ին ավարտվեին, 26-ին են ավարտվում, բայց փաստացի այդ գործընթացները, իրականում, սկսված գործընթացներ են համարվում»,- մեզ հետ զրույցում նշեց առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը։

Նրա խոսքով՝ կազմակերպությունները հաճախ չեն մասնակցում հայտարարված մրցույթներին տեխնիկական բարդ պահանջների պատճառով, կամ էլ ներկայացված հայտերը չեն համապատասխանում չափանիշներին։ Սա ստիպում է նախարարությանը կրկնակի մրցույթներ հայտարարել, ինչն ամիսներով ձգձգում է գործընթացը։ Ըստ նրա՝ թիրախավորված հաղորդակցություն է անհրաժեշտ 3 օղակների՝ ֆինանսավորողի, նախարարության և իրականացնողի միջև։

«Վերջին տարիներին, նաև լիցենզավորման օրենսդրության փոփոխության արդյունքում, որով խիստ պարտադրվում է, որպեսզի բժշկական կազմակերպությունները նորանան, գիտեմ, որ կան նաև կազմակերպություններ, որոնք առանց պետական բյուջեի են փորձել ինչ-որ բաներ անել, այսինքն՝ ինքնուրույն՝ սեփական եկամուտների հաշվին և միջոցների հաշվին, ինչը նույնպես կարող է հետագայում նաև գումարվել վերակառուցվող և վերազինվող բժշկական կազմակերպությունների ցանկին»,- ասաց նա։

Իսկ Առողջապահության նախարարությունից փոխանցում են՝ 2025-ին մեկնարկել է ևս 30 առողջապահական կազմակերպության արդիականացման գործընթաց։ 4 տարիների ընթացքում ծրագրի համար ծախսվել է ավելի քան 7 միլիարդ 830 միլիոն դրամ։ 

«Անկեղծ ասած, բացի կազմակերպչական հարցերից՝ որևէ այլ խոչընդոտ չեմ տեսնում որպեսզի մենք այս ծրագիրը լիարժեք իրականացնենք»,- ապրիլի 7-ի նիստի ժամանակ նշել էր Փաշինյանը։

Ստացվում է՝ մինչ այս պահն իրագործված է ծրագրի 28 տոկոսը, մնացած 36-ի մասով նախարարությունից նոր ժամկետ են նշում՝ 2026-ի ավարտ։ Սակայն, առողջության կազմակերպչի խոսքով, ժամկետները դարձյալ կարող են տեղափոխվել, այս անգամ՝  Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված։

«Իրանում պատերազմի պատճառով Հայաստան եկող շատ բժշկական սարքավորումներ, քանի որ այդ սարքավորումների մի մասը գալիս էին Արաբական Միացյալ Էմիրություններ և այնտեղից կարողանում էին արդեն Իրանով գալ Հայաստան, օրինակ, այս վերջին ամիսներին այդ սարքավորումների Հայաստան ներկրելու գործընթացը գրեթե ամբողջովին դադարել է»,- ասաց Վանեսյանը։

Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են, որ մինչև 2026-ի ավարտը պատրաստվում են, նախատեսված 50-ից բացի, արդիականացնել ևս 11 բուժհաստատություն, դրանց ընդհանուր թիվը հասցնելով 61-ի։ Արդյո՞ք դա իրատեսական է․ լավատեսության հիմքերը քիչ են՝ հաշվի առնելով Մերձավոր Արևելքում պատերազմի ձգձգումն ու ավելի խաղաղ պայմաններում ծրագրի թերակատարումը։ 

Հ. Գ.  Մեր հրապարակման հաջորդ օրը ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Կառավարության ծրագրով 2021-2026 թթ. նախատեսված է 50 առողջապահական կազմակերպության արդիականացման աշխատանքների իրականացում, որը նախատեսվում է ավարտել Ծրագրին զուգընթաց:

Ինչպես լրատվականին գրավոր հայտնել ենք, 14 առողջապահական կազմակերպության արդիականցման աշխատանքերն ավարտվել են 2025 թվականին, սակայն ներկայացված տեղեկատվությունից դուրս է մնացել մինչ այդ` այսինքն 2023-2024 թթ. ավարտված 7 առողջապահական կազմակերպությունների տվյալները (ի լրումն գրավոր կտրամադրվի):
Ընդգծենք, որ շինարարական աշխատանքների հիմնական ծավալներն արդեն իսկ ավարտված են ու գտնվում են ավարտական ակտի փաստագրման փուլում:
2021-2026 թթ Կառավարության ծրագրի շրջանակներում մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը կունենանք արդիականացված 50 առողջապահական կազմակերպություն»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան